«Հրապարակ» թերթը գրում է. ««Այ աբիժնիկ լիլիպուտ, հերիք ա էշ-էշ դուրս տաս, տխմար, այ զզվելի, թե կարում էիր, ընտանիքդ ղեկավարեիր, այ բլոջ…». սա ամենամեղմ մեջբերումն է իշխանական ֆեյքերի կողմից դերասան Հովհաննես Ազոյանի դեմ երեկ կազմակերպված զանգվածային հարձակումից: Մնացածը սեռական բնույթի հայհոյանքներ են՝ հրապարակման ոչ ենթակա:

Հարց է ծագում. այդ ի՞նչ է իրեն թույլ տվել Հովհաննես Ազոյանը, որ նման անմարդկային հարձակման թիրախ է դարձել: Պատասխանը պարզ է․ նա պարզապես համարձակվել է սատարել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին՝ «հարգելի իշխանություններին» կոչ անելով «հեղափոխական արժեքները չխեղդել Երեւանի քաղաքապետարանում»:

Ահա, այս անմեղ գրառումից հետո իշխանական ֆեյքերը զանգվածային գրոհ կազմակերպեցին Հովհաննես Ազոյանի դեմ՝ կայքերի ֆեյսբուքյան էջերում հարյուրավոր վիրավորանք ու հայհոյանք պարունակող մեկնաբանություններ գրելով նրա հասցեին: Նույն Ազոյանի, որը հեղափոխության հարթակին կանգնած էր Նիկոլ Փաշինյանի կողքին եւ այսօր էլ շարունակում է աջակցել նրան:

Բայց այս դեպքը բացառություն չէ. փորձը ցույց է տալիս, որ իշխանական ֆեյքերն ավելի անհանդուրժող են յուրայինների հանդեպ: Նրանք առավել անխնա հարձակվում ու ոչնչացնում են հատկապես փաշինյանական գծից շեղվողներին՝ մյուսների աչքը վախեցնելու համար: Թարմ օրինակներից է նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ընդամենը երեկ նրան հերոսացրած, նրա լուսանկարները տարածելով «լայքեր» հավաքած ֆեյքերը, Վանեցյանի հրաժարականի ու Նիկոլ Փաշինյանի կողմից նրան ուղղված քննադատությունից հետո, զանգվածային հարձակման անցան նրա դեմ՝ պիտակավորելով ու վարկաբեկելով իրենց երբեմնի «հերոսին»: Նույն պատկերն էր նաեւ Վալերի Օսիպյանի դեպքում, միանգամից ներեցին անցյալում ցույցերը ցրելու հետ կապված նրա վատ համբավը եւ գրկաբաց ընդունեցին, իսկ պաշտոնաթող լինելուց հետո սկսեցին վարկաբեկել։

Փաշինյանական ֆեյքերը չեն հանդուրժում իշխանությանն ուղղված նույնիսկ ամենակոռեկտ ու փաստարկված քննադատությունը: Նրանք հրահանգավորված, ժամում 100 քոմենթ արագությամբ սկսում են անիծել ու հայհոյել ցանկացածին, ով համարձակվում է այլընտրանքային տեսակետ ներկայացնել:

Իշխանության «ֆեյքային բանակները» հիմնականում ֆինանսավորվում են Հայաստանի հարկատուների հաշվին: Ըստ տարբեր աղբյուրների՝ իշխանությունն ունի շուրջ 6000-7000 ֆեյք, որոնք աշխատեցնողները գրանցված են տարբեր պետական կառույցներում եւ գործում են Երեւանում ու մարզերում տեղակայված գրասենյակներից: Փաշինյանական ֆեյքաբուծարանի «մայր օջախը», շատ է գրվել, ՀՀ վարչապետի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է: Շուրջ 200 աշխատակից ունեցող այս պետական կառույցը, որը պետք է զբաղվեր Հայաստանի դեմ ուղղված քարոզչությանը դիմակայելով ու հակադարձելով, 2018թ.-ից վերածվել է մի մեծ ֆեյքաբուծարանի, որտեղ ողջ օրը մոնիթորինգի են ենթարկում լրատվական կայքերն ու ֆեյքային հարձակումներ կազմակերպում իշխանությանը քննադատողների դեմ:

Իրենց առանձին ֆեյքային խմբերն ու քարոզիչներն ունեն նաեւ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, քաղաքապետ Հայկ Մարությանը, մի շարք նախարարներ, ԱԺ նախագահը: Առանձին ֆեյքեր ունեն բոլոր նախարարությունները, թաղապետարաններն ու մարզպետարանները, ինչպես նաեւ՝ «Քաղպայմանագիր» կուսակցությունը: Ըստ մամուլի՝ ֆեյքերի բանակ ունի նաեւ «Վիվառո»-ն։

Առօրյա «աշխատանքից» զատ, լինում են դեպքեր, երբ ֆեյքային բանակների համար «հանընդհանուր մոբիլիզացիա» է հայտարարվում: Իսկ այդպիսի «օպերացիաները» համակարգում է տեղեկատվական ՊՈԱԿ-ը՝ կառույցների ղեկավարների միջոցով:

Այդ նույն ֆեյքերին կարելի է տեսնել ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում, որոնք հարյուրավոր մեկնաբանություններով արտահայտում են իրենց «սերն ու հարգանքն» առ Փաշինյան, գրում են, թե Նիկոլը սուրբ է, հայ ժողովրդի փրկիչն ու հերոսն է, նրա տարբեր մարմնամասերն են «ուտում»: Այս պատկերն է վարչապետի ցանկացած գրառման մեկնաբանություններում:

Ցավալի է, բայց փաստ, որ իշխանությունը Հայաստանը վերածել է «ֆեյքապետության»` դրանից բխող տխուր հետեւանքներով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել