«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԱԺ-ն ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենք, ըստ որի՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում ՍԴ դատավորները, մինչեւ իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը, կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած աշխատավարձի ու հավելավճարի չափով, իսկ այդ տարիքը լրանալուց հետո կստանան դատավորի համար օրենքով նախատեսված կենսաթոշակ:

Իրավաբանների գնահատմամբ՝ սա քողարկված, կազմակերպված հանցավոր գործունեություն է, որի վերջնանպատակը Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու միջոցով իշխանությունը զավթելն է: Օրենքի ձեւակերպումից պարզորոշ հետեւում է, որ այն «շահագրգռում» կամ «նպաստավոր պայմաններ» է ստեղծում, որպեսզի հրաժարականի միջոցով դադարեն Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները: Մինչդեռ դատավորի լիազորությունների դադարման՝ Սահմանադրության 164 հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքը ենթադրում է դատավորի կամքի բացարձակ ազատ դրսեւորում:

Այսինքն, ինչպես դատավորի կողմից ի պաշտոնե ընդունվող ցանկացած այլ որոշում, հրաժարականը եւս չի կարող թելադրվել կամ ուղղորդվել սուբյեկտիվ արտաքին միջամտությամբ, ներառյալ՝ հարկադրանքով, սպառնալիքով, շահագրգռելով կամ որեւէ այլ կերպ դատավորին այդ որոշմանը հակելով: Մինչդեռ ընդունված օրենքը նյութական շահագրգռվածություն առաջացնելու միջոցով Սահմանադրական դատարանի դատավորին դրդում կամ տրամադրում է կայացնել իր կարգավիճակից բխող մի որոշում, որը նա չէր ընդունի, եթե այդ պայմանը չլիներ:

Ուստի, այս օրենքի հիման վրա Սահմանադրական դատարանի դատավորի կողմից հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունների դադարումը, հետեւաբար եւ` նրա փոխարեն այլ դատավոր ընտրելը տեղի կունենա Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով: Իրավունքի մասնագետների կարծիքով, այս իրավիճակում գործ ունենք դասական հանցակցության, այն է՝ երկու եւ ավելի անձանց կողմից դիտավորյալ հանցագործությանը դիտավորյալ համատեղ մասնակցության դեպքի հետ: Ընդ որում, առկա են հանցակիցների բոլոր տեսակները՝ կազմակերպիչ` ՀՀ վարչապետը՝ իր հրապարակային ելույթներով, դրդիչ՝ Արդարադատության նախարարը՝ պատգամավորների վրա գործադրած ազդեցությամբ, կատարողներ, ովքեր ի կատար են ածել վարչապետի եւ Արդարադատության նախարարի հրահանգները, եւ վերջապես, օժանդակողներ, որոնց թվում է Հայաստանի նախագահը, եթե վերջինս որոշում կայացնի ստորագրել այս օրենքը:

Փաստացի, իշխանության զավթման այս գործընթացը սահուն կերպով անցել է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների աշխատասեղաններով եւ հայտնվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սեղանին: Նախագահ Սարգսյանն այժմ ունի ընտրության երկու հնարավորություն՝ չստորագրելով օրենքը` կանգնեցնի կառավարության եւ քաղաքական մեծամասնության կողմից դատական իշխանության զավթման այս փորձը, կամ` ստորագրի օրենքը՝ դառնալով հանցակից, քանի որ սա բացահայտ հանցագործություն է, որի վրա տարածվում է իշխանությունը զավթելու միջոցով իշխանությունը յուրացնելու հանցագործության բոլոր հատկանիշները (ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մաս), որը պատժվում է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկմամբ: Թե ինչ որոշում կկայացնի ՀՀ նախագահը՝ պարզ կդառնա առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել