Փոխպատվաստման համար օրգանների կոնսերվացման ժամանակը կարելի է քառապատիկ ավելացնել. կենդանիների վրա տեխնոլոգիայի փորձարկումները կսկսվեն 2020 թվականին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության Ա. Ի. Բուռնազյանի անվան Դաշնային բժշկագիտական կենսաֆիզիկական կենտրոնի նոր վիրաբուժական տեխնոլոգիաների լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Սուշկովը՝ տեղեկացնում է TASS-ը։

«Մեր խմբի համար շատ համոզիչ են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բջջի կենսաֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի աշխատանքի արդյունքները՝ Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի օժանդակությամբ: Ստանդարտի համեմատությամբ նոր մեթոդը թույլ է տալիս չորս անգամ ավելացնել օրգանի կոնսերվացման տևողությունը և միևնույն ժամանակ պահպանել դրա կենսունակությունը»,- ասել է Սուշկովը:

Նա հավելել է, որ լաբորատորիան սկսել է գորտերի և կրծողների սրտից, այնուհետև գիտափորձեր են կատարվել խոշոր կենդանիների՝ ոչխարների և խոզերի վրա: Ի տարբերություն հեղուկի մեջ օրգանների կոնսերվացման գոյություն ունեցող տեխնոլոգիայի, ռուսաստանցի գիտականները մշակել են կոնսերվացնող գազ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել