Hraparak.am-ը գրում է.

Էդմոն Մարուքյանը երեկ առավոտյան մի անհոդաբաշխ բացատրություն գրեց Ֆեյսբուքում, թե ինչու է, լոռեցիների ասած, առավոտ-գիշերով առաջացել Դավիթ Խաժակյանին Երեւանի ավագանուց հետ կանչելու հարցը։ Ասաց, որ գոհ են  Խաժակյանից, նրան ապագայում տեսնում են քաղաքապետի թեկնածու, բայց որոշել են հետ կանչել։ Հարցին, թե արդյոք սա իշխանությունների կողմից ճնշումների հետեւանք չէ՞, անհասկանալի պատասխան տվեց․ «Դավիթ Խաժակյանը կեղծիք է հայտնաբերել քաղաքապետարանի աշխատանքում, բայց դրա լուսաբանումը չկա, փոխարենը կա լուսաբանում քաղաքապետի ծիծաղի վերաբերյալ: Եթե ավագանու անդամը պաշտոնական կեղծիքը ծամած դնի դատախազության բերանը, եւ դա չլուսաբանվի, ապա ավելի լավ է մենք չմասնակցենք, դուրս գանք»: 

Փաստորեն, հեռացնում են միակ մարդուն, որը քիչ թե շատ պարզերես է անում  ընդդիմություն խաղացող «Լուսավորին»։ Ըստ որում, պարոն Մարուքյանը նման պարտվողական մոտեցում չէր ցուցաբերում իր հարազատ եղբոր՝ Քրիստ Մարուքյանի հարցում, նրան հետ չէր կանչում, թեեւ նա ամիսներով պարալիզացրել էր Վանաձորի քաղաքապետարանի աշխատանքը՝ դեռ նախկինների օրոք։ Հիշում ենք՝ Մամիկոն Ասլանյանը հրաժարական չէր տալիս, լուսավորներն էլ բոյկոտում էին ավագանու նիստերը։ Թեեւ լուրեր կային, որ ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը կոշտ ճնշումներ էր գործադրում։ Փաստորեն, լավ չէր ճնշում։ Կամ էլ՝ նորերն ավելի լավ են ճնշում։ Ցավոք, այդ հարցի պատասխանը չհաջողվեց ստանալ Քրիստ Մարուքյանից, նա ողջ օրը չպատասխանեց հեռախոսին։
Եվ այսպես, ի՞նչ կարող ենք արձանագրել Դավիթ Խաժակյանի մասով․ նա առանց հայտարարություններ անելու, իրոք, դժոխք էր սարքել Հայկ Մարությանի կյանքը։

«ԿամԱԶ»-ների կոռուպցիոն ռիսկերով պատմությունը հանրությանը հայտնի է հատկապես նրա ջանքերով, նա դիմեց դատախազություն եւ, առհասարակ, անում է այն, ինչ ժամանակին անում էր Զարուհի Փոստանջյանը Տարոն Մարգարյանի նկատմամբ։ Եթե հիշում ենք, Փոստանջյանի «Երկիր ծիրանին» անգամ գարշահոտ կոյուղաջրեր էր տանում քաղաքապետարան եւ պարտադրում, որ այդ հոտը քաշեն քաղաքային իշխանությունները, տեսախցիկներով ներխուժում էր քաղաքապետարան ու ավտոպարկ, ամենօրյա ռեժիմով քաղաքապետի ու ՀՀԿ ավագանու համար տհաճ անակնկալներ մատուցում։ Մենք զրուցել ենք Զարուհի Փոստանջյանի հետ։

- Տիկին Փոստանջյան, ժամանակին Դուք ավելի կոշտ քայլերի էիք դիմում՝ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք էիք սարքել, բայց Ձեզ չէին հեռացնում ավագանուց, իսկ Դավիթ Խաժակյանը պատժվեց։ Փաստորեն, մրից ելանք, մրջուրն ընկանք։

- Քանի որ պահպանվել է նույն համակարգը, որում եթե որեւէ մեկը դիրքորոշում է հայտնում, որը տարբերվում է գործող իշխանության դիրքորոշումից, նա սկսում է հետապնդվել՝ հետ կանչվել կամ ինչ-որ մի կերպ այդ գործընթացներից մեկուսացվել։ Եթե համակարգը չի փոխվում, պարզապես ճնշման ձեւերն ու եղանակներն են փոխվում։ Լռեցման ձեւն է փոխվում։

- Բայց Ձեր օրոք գոնե ավագանուց հեռացնելու քայլերի չդիմեցին։

- Այնպես չէ, որ չէին դիմում։ Մինչ այս պահը լռեցման հետ կապված կարող եմ ասել՝ դեռ կա 2 հարուցված քրեական գործ, որոնք կարճվել են։ Մեկը կապված է Արթուր Գեւորգյանի ապօրինի գործողությունների հետ, որը թույլ չտվեց, որ լրատվամիջոցներն իրենց գործառույթներն իրականացնեն Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության հետ, արգելեցին տեսանկարահանումը։ Այդ գործին դատական համակարգն ավելի ադեկվատ էր, քան քննչական մարմինները։ Եվ նախորդ իշխանությունները չէին ցանկանում քրեական գործ հարուցել։ Բայց հասանք նրան, որ դատարանի միջոցով քրեական գործը հարուցվեց, բայց այն, այսօրվա դրությամբ, նոր իշխանության կողմից կարճվել է։ Երկրորդը․ երբ բռնության էինք ենթարկվում, այդ գործը նույնպես կարճվել է։ Եվ ի սկզբանե էլ ուղղակի ծեծ եւ խուլիգանություն դեպքերով էր հարուցվել։ Թեեւ դեպքը տեղի էր ունեցել որպես ուղղակի բռնաճնշում՝ քաղաքական հայացքներով հանդես եկող ընդդիմադիր խմբակցության հանդեպ՝ «Երկիր ծիրանի» կուսակցության նկատմամբ, որովհետեւ կուսակցությունն էր ներկայացված Երեւանի ավագանիում։ Հիմա դրանք բողոքարկման փուլում են։ Եվ կարող եմ ասել, որ հիմա ձեւերը, գործիքներն են փոխվել, բայց իրականում բռնաճնշումների էությունն այլախոհության նկատմամբ չի փոխվել։

- Ի՞նչն է պատճառը։

- Տեսեք՝ նույն  Տարոն Մարգարյանը մեր հանրային միջոցները՝ Երեւանի քաղաքային բյուջեն, տնօրինում էր այնպես, ինչպես ցանկանում էր։ Անճաշակ ինչ-որ ձեւավորումներ էր նախաձեռնում, ճիշտ է՝ ճաշակին ընկեր չկա, բայց իր կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ միլիոնավոր դրամներ էին տրամադրվում։ Հիմա նույնը կատարվում է այսօրվա քաղաքային իշխանության կողմից։ Մինչդեռ մենք հիշում ենք, որ երբ տեղի էր ունենում իշխանափոխություն, հայտարարվեց, որ ցանկացած դեպքում մենք հաշվետու ենք լինելու եւ հաշվի ենք նստելու հանրային կարծիքի հետ, հարցերը քննարկելու ենք թափանցիկ պայմաններում։ Հիմա պարզվում է՝ նույնն է կատարվում, ոչ մի բան թափանցիկ կերպով չի քննարկվում, գումարներն էլ նույնկերպ տնօրինվում են՝ ըստ օրվա իշխանության ճաշակի ու ցանկության։ Եվ նաեւ՝ կոռուպցիոն դրսեւորումներով, երբ անընդհատ իրենք իրենց խրախուսում են, հայտնի չէ՝ ինչի համար։ Ի վերջո, կարող էին հարցը դնել տեղական հանրաքվեի եւ հարցնել՝ արդյոք համաձա՞յն է երեւանցին, որ իր կողմից ընտրված իշխանություններն իրենք իրենց ամեն ամիս պարգեւատրեն գումարներով, կամ կառավարությունն ինքն իրենով որոշեր բարձրացնել իր աշխատավարձը մի քանի անգամ։ Թող դնեին հանրաքվեի, եթե հավանության արժանանար, ապա գոնե այդ հիմքով խրախուսվեին եւ ոչ թե գաղտնի որոշումներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել