Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում 49-ամյա Գրիգոր Մելքումյանը իր վարած Nissan XTrail մակնիշի 17 XT 707 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Ֆիոլետովո գյուղի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշին, ապա ծառին և ապառաժ քարերին ու հայտնվել Տանձուտ գետում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Լեյլի Մխիթարյանը տեղում մահացել է, ում մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Լոռու մարզի հրշեջ փրկարարները, իսկ վարորդ Գ. Մելքումյանն ու նրա ուղևոր՝ 45-ամյա Սիրանույշ Ոսկանյանը փրկարարների ու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել գետից, և օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-7 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Վաղինակ Մարտիրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգիս Պապոյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Ս. Պապոյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Վանաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վարորդի տատիկն է, իսկ վիրավորը՝ նրա կինը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել