Էդմոն Մարուքյանը Խաժակյանին հետ կանչելու հայտարարությամբ մի կրակոցով մի քանի նապաստակ է խփում: Լսելով Մարուքյանի ասուլիսը՝ գրեթե վստահ եմ, որ Խաժակյանին հետ չեն կանչելու, եւ սա ընդամենը լավ բեմադրված բողոքի ակցիա է:

  • Ուղերձ Փաշինյանին: Այս քայլով Մարուքյանը Նիկոլին ուզում է ասել, որ «Լուսավոր»-ի «ռիչագները» իր ձեռքում են, և ինքը կարողանում է հաջողությամբ խորհրդարանում զսպել ԼՀԿ-ի գրոհները: Հակառակ դեպքում այն, ինչ տեղի է ունենում ավագանիում, կարող է տեղի ունենալ խորհրդարանում: Հետեւաբար, հիշեք, որ մենք ընդդիմություն ենք ու հիանալիորեն խաղում ենք մեր դերը: Մյուս կողմից՝ քաղաքապետին քացու տակ գցելը մեր սրտով չէ, ու մեզ հետ պայմանավորված չի եղել:
  • Ուղերձ լրագրողներին: Մենք էլ ենք քաղաքականությամբ զբաղվում, հետեւաբար, մեզ էլ լուսաբանեք: Մարուքյանը մի քանի անգամ կրկնեց, որ, չնայած Հայկ Մարությանը «ցինիկ» ծիծաղում էր, բայց ոչ մի լրատվամիջոց ցույց չտվեց այդ կադրը:
  • Ուղերձ դատախազությանը: Մարուքյանը այս ակցիայով իրավապահներին ուզում է ասել, որ իրենց բարձրացրած հարցերով էլ գործեր հարուցեն: Չէ՞ որ «Նոր Հայաստանում» բարձր է «գործ տվողների» վարկանիշը: Ինչո՞ւ Արման Բաբաջանյանի անիմաստ գործով գործ եք հարուցում, բայց իրենց հայտնաբերած կեղծիքը նույնիսկ չեն քննարկում:
  • Ուղերձ Պողոսներին: Մարուքյանը սրանով ուզում է ասել՝ «Պողոսներ» ջան, դրանք ինքնագլուխ ինչ ուզում, անում են: Ոչ մի պատասխանատվություն մենք չենք կրում ավագանու անդամների համար, մենակ Խաժակյանն է «Լուսավոր»-ից, իրեն էլ կարող ենք հետ կանչել: Եթե ուզում եք, հանենք:

Համոզված եմ, որ Դավիթ Խաժակյանին «Լուսավոր Հայաստան»-ը խորհրդի նիստում հետ չի կանչելու, պարզապես ուղերձները տեղ հասցնելու ու աղմուկ բարձրացնելու տեխնոլոգիա էր: Երկրորդ սցենարն այն է, որ խորհրդի նիստում ԼՀԿ-ն կարող է իսկապես հետ կանչել Խաժակյանին, սակայն Խաժակյանը կմնա ավագանու կազմում ու կհրաժարվի ԼՀԿ-ի անդամակցությունից: Բոլոր սցենարների դեպքում էլ շահում են և՛ Մարուքյանը, և՛ Խաժակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել