Hraparak.am-ը գրում է.

Պետական բյուջեից հատկացումներն այս կառավարության աքիլեսյան գարշապարն են։ Ինքնաթիռ են վարձում հատուկ ԱՄՆ թռիչքների համար, Ամանորի ճոխ ծախսեր են անում, հիմա էլ գործուղումների համար են լրացուցիչ փող ուզում՝ մոռանալով, որ ՀՀ քաղաքացիները թեեւ հպարտ են, բայց աղքատ են ու չեն կարող կառավարիչների շրջագայելու ու աշխարհ տեսնելու ծարավն իրենց հաշվին բավարարել, այնքան հաճախ, որքան իրենք են ուզում։ Գոնե այն պատճառով, որ այդ նույն քաղաքացիներն անգամ Երեւանով շրջագայելու մարդավայել պայմաններից զրկված են եւ ամեն անգամ մտովի հրաժեշտ են տալիս կյանքին գերբեռնված «գազել» նստելով։ Գործուղումների ծախսն ավելացնելու վերաբերյալ նախագիծը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության անցած նիստի օրակարգ մտցրեց ծածուկ։ Այն չզեկուցվող հարցերի շարքում էր։ Այդ որոշմամբ նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից գործադիրի արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար հատկացնել լրացուցիչ 95 մլն դրամ։

«Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում պաշտոնական գործուղումների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների անբավարարության համար լրացուցիչ միջոցներ նախատեսելու անհրաժեշտությամբ»,- գրված է հիմնավորման մեջ։ Թե որ մարմիններն են լրացուցիչ գումարներ ուզել գործուղումների համար, չի նշվում։ Չկան նաեւ առարկություններ կամ կողմ կարծիքներ, որոնք սովորաբար կցվում են կառավարության որոշումների նախագծերին։ Միայն գրված է, որ ՀՀ վարչապետի որոշումների եւ ՀՀ նախագահի կարգադրությունների հիման վրա արդեն իսկ ներկայացվել են արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով 26 մլն դրամ գումարի հայտեր, եւ կան նաեւ վարչապետի ու նախագահի այլ որոշումներ ու կարգադրություններ, որոնց ֆինանսավորման հայտերը դեռեւս չեն ներկայացվել: Սա նշանակում է, որ խոսքը վարչապետի, կառավարության անդամների եւ նախագահի գործուղումներին է վերաբերում։

Երեկ փորձեցինք հասկանալ, թե այս տարեվերջի 15 օրվա ընթացքում ինչպես են կարողանալու այդ լրացուցիչ 95 միլիոնը ծախսել։ Ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի աշխատակազմից պատասխան ստանալ չհաջողվեց։ Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հեռախոսազանգերին չպատասխանելու խրոնիկական հիվանդություն ունի։ Փաշինյանի խոսնակը՝ Վլադիմիր Կարապետյանը եւս երեկ հասանելի չէր։

Հիշեցնենք, որ 2019-ին պետական բյուջեով գործուղումների համար նախատեսել էին 350 մլն դրամ, գումարն այս տարվա ընթացքում առանձին որոշումներով ավելացվել էր՝ հասնելով 880 մլն դրամի: Մինչ այս պահը դեռ ծախսված չէ մոտ 36 մլն դրամ։ Դրան վրադիր եւս 95 միլիոն դրամ են տրամադրել։ Որոշումը պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից։ Ի դեպ, ԱԺ պատգամավորները տեղյակ չէին, թե ինչ գործուղումների մասին է խոսքը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի պատգամավոր անդամ, «Իմ քայլը» խմբակցության Արտակ Մանուկյանը, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը տեղյակ չեն նախագծից։

«Ամեն դեպքում, որեւէ ծախս, եթե հիմնավոր չէ, ընդունելի չէ։ Բազմիցս եմ նշել, որ անորոշ ծախսերը կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։ Որեւէ ծախս ԱԺ-ի կամ կառավարության կողմից հաստատելուց պետք է դիմեն շատ հիմնավորված ձեւով, որոշակի հստակ ու նպատակային։ Եթե այդ կետերը չկան, նշանակում է՝ ինչ-որ բան էն չէ։ Անորոշ ձեւակերպումներով ֆինանսական ծախսերն ընդունելի չեն։ Բյուջեի մասին օրենքը փոփոխելու ժամանակ պարտադիր պետք է բերեն ԱԺ»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հավատում է կառավարությանը, որ կան պլանավորված այցելություններ։ «Թե չէ, իզուր տեղը ոչ մեկը չի գնա էդ փողը ծախսի»։

- Այսինքն՝ հանկարծ պարզվեց, որ առաջիկա տասն օրում շտապ 95 մլն գումարած 36 մլն դրա՞մ է պետք գործուղման համար։ 

- Կարող է լինել։ Կարող է պատվիրակություն գնա, կարող է մի քանի երկիր գնա վարչապետը, կարող է լինել։ Չգիտեմ, թե ինչն է բանը, բայց հաստատ դա նոր տարվա շրջանառության գումար չէ։

- Ամենասկզբում, դեռ տարեսկզբին, պլանավորված է եղել մոտ 350 մլն, հետո գործուղումների գումարը մեծացավ՝ 800 մլն-ից ավելի դարձավ, հիմա պարզվում է՝ դա էլ է քիչ։ Դա վատնում չէ՞։

- Ոչ, վատնում չէ։ Միջազգային հարաբերություններում կարող է այնպես լինել, որ պահի տակ պետք լինի հրատապ ինչ-որ տեղ գնալ։ Ես Սեւծովյան տնտեսական հանձնաժողովի մեր պատվիրակության ղեկավարն եմ։ Կան պլանավորված այցեր ու ընթացքում կարող են լինել, ասենք, չպլանավորված ինչ-որ բաներ, ասենք, Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի նախաձեռնությամբ նիստ հրավիրվի, որին պետք է մասնակցես։ Եթե չմասնակցես, կարող է տանեն մի հատ ինչ-որ հակահայկական բանաձեւ անցկացնեն, ինչ-որ որոշում ընդունեն։ Այսինքն, պլանավորվածից դուրս կարող է լինի, կարող է չլինի նման անհրաժեշտություն, կարող է պետք եղածից շատ լինի, բայց եթե խիստ անհրաժեշտ չլինի, ու գնան, էդքան փող ավելացնեն՝ այդպես չէ, էլի։

- Բայց պլանավորվածից 2,5-3 անգամ ավել ծախսում են, դա նորմա՞լ է։

- Դե, պլանավորվածից ավելի է, բայց պլանավորվածից ավելի մուտք է եղել, տնտեսական աճ է եղել պլանավորվածից ավելի, ավելի շատ հարկ է հավաքվել, ու եթե ամեն ինչ համաչափորեն ավելանում է, գործուղումներն էլ կարող են ավելանալ, ու չեմ կարծում, որ դա այն գումարն է, որի համար անհանգստանանք։ Ընդ որում, ո՛չ բիզնես կլասով են գնում, ո՛չ ճոխություններ են թույլ տալիս, համեստ գնում են, գալիս են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել