Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի և «Ֆորմուլա-1» ընկերության նախկին սեփականատիրոջ դուստր Թամարա Էքլսթոունի տնից 50 մլն ֆունտ արժողությամբ թանկարժեք իրեր են գողացել: Այդ մասին հայտնել է The Sun-ը:

«Գողությունը ցնցել է բոլորին, որովհետեւ այդ տունն ամենից լավ պահպանվողներից մեկն էր համարվում Լոնդոնում, այն գտնվում է անվտանգ շրջանում»,- իրադրությունը մեկնաբանել է հեռուստահաղորդավարուհու ներկայացուցիչը: Առանձնատունը, որը մշտապես հսկվում է, չարագործները կողոպտել են մեկ ժամից պակաս ժամանակում: Նրանք օգտագործել են այն հանգամանքը, որ էքլսթոունն ընտանիքի հետ հանգստի էր մեկնել այլ երկիր, եւ տանը մնում էր միայն պահակներից մեկը: Նախնական տվյալներով՝ հանցագործները տուն են թափանցել հետնաբակի կողմից դեկտեմբերի 12-ի երեկոյան: Անվտանգության ծառայության աշխատակիցը նրանց նկատել է այն պահին, երբ նրանք հափշտակված զարդերով արդեն անցնում էին ցանկապատի վրայով: «Նրանք տարել են բոլոր այն թանկարժեք իրերը, որոնք Թամարան պահում էր զգեստապահարանում գտնվող սեյֆում: Գողացված զարդերից մի քանիսն առանձնապես թանկ են նրա համար»,- ընդգծել է ներկայացուցիչը: Ոստիկաններին առայժմ չի հաջողվել պարզել չարագործների ինքնությունը եւ ձերբակալել նրանց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել