Hraparak.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ գրավ չկիրառելու առաջին ատյանի որոշման դեմ։ Նիստին պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին՝ շեշտը դնելով նրա վրա, որ վերջինիս եղբայրը հակաքոչարյանական է, ունի կանխակալ վերաբերմունք։

Նրանք նաեւ ներկայացրին, որ պաշտոնական կայքում նշվում է, որ վաղվանից դատարանը արձակուրդ է գնալու, եւ այս գործը նրան չպետք է մակագրվեր։ Դատախազությունն առարկեց միջնորդության դեմ։ Մեղադրողներից Գեւորգ Բաղդասարյանը նշեց․ «Նախ փաստերին միջնորդության մեջ հակառակ կողմից են մոտենում, փորձ էր արվում ձեզ համոզել, որ վաղվանից արձակուրդ եք գնալու։ Այն հանգամանքը, որ Ձեր արձակուրդը հետաձգվել է, փորձ արվեց ներկայացնել, որ այս գործը Ձեզ մակագրվի»։ Բաղդասարյանն ավելացրեց՝ չի հասկանում, թե այս միջնորդությունն ինչ կապ ունի դատավորի հետ․ «Բոլորի քույրերն ու եղբայրներն ունեն իրավունք կարծիք ունենալու, դա չի կարող կապվել այդ անձի ազգակցական կապերի հետ։ Միակ փաստարկը, որը պարզ չէր, որ ձեր էջից հավանություն է եղել ինչ-որ գործողության, ինչքան հասկացա՝ ձեր եղբոր աշխատանքային հաջողության հետ էր կապված։ Ընդամենն ասվեց, որ Ձեր եղբայրը տարածել է այդ տեղեկատվությունը։ Այս փաստարկներով գտնում եմ, որ այս միջնորդությունը հիմնավոր չէ։ Ձեր որեւէ գործողություն այս գործի հետ կապված, մենք չենք լսել»։ Մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը եւս նշեց, որ միջնորդության մեջ փաստական հիմքեր առկա չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել