Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարին հաղորդել է, որ հպարտ է այն փաստով, որ իր երկրում նույնիսկ վաճառողը կարող է կառավարության ղեկավար դառնալ: Նման կերպ նա մեկնաբանել է Էստոնիայի ՆԳՆ ղեկավար Մարտ Հելմեի խոսքերը, որը, խոսելով Մարինի վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին, շեշտել է, որ նա «վաճառողուհուց հասել է վարչապետի պաշտոնին»:

«Ես շատ հպարտ եմ Ֆինլանդիայով: Այստեղ աղքատ ընտանիքի երեխան կարող է կրթություն ստանալ և կյանքի ընթացքում շատ բաների հասնել: Խանութի գանձապահը կարող է երկրի վարչապետ դառնալ: Ֆինլանդիան առանց բանվոր դասակարգի չի գոյատևի: Ես գնահատում եմ յուրաքանչյուր աշխատակցի, մասնագետի և ձեռներեցի աշխատանքը»,- Twittter-ում գրել է Սաննա Մարին:

Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև բարեկամական հարաբերությունների ֆոնին Էստոնիայի ՆԳՆ ղեկավարի խոսքերը սկանդալ են առաջացրել: Որոշ էստոնացի քաղաքական գործիչներ նշել են, որ Հելմեի խոսքերը վնաս են հասցրել հարևան երկրների հարաբերություններին: Հելմեն բացատրել է, որ խոսել է ոչ թե Էստոնիայի կառավարության անունից, այլ հայտնել է իր կուսակցության կարծիքը:

Սաննա Մարին Ֆինլանդիայի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվել է դեկտեմբերի 10-ին: Նա 34 տարեկան է և դարձել է ամենաերիտասարդ վարչապետը ոչ միայն Ֆինլանդիայում, այլև աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել