Ուկրաինական առաջին՝ «Նարնջագույն» կոչվող հեղափոխությունը, որը սկվեց 2004-ին, այդպես էլ չավարտվեց, մի նոր թափ ստացավ 2014-ի «Որակի» հեղափոխությամբ ու մինչև այսօր շարունակվում է։ Ուկրաինական իշխանությունները այլևս ամբողջովին հեղափոխական են, հեղափոխությունն էլ անընդհատ է, պերմանենտ է ու ամենուր։

Այսօրվա Ուկրաինայում նախագահ Զելենսկին առաջին տեղում է իր բավական նվազած ռեյտինգային ցուցանիշով, իսկ երկրորդ տեղում Ջորջ Սորոսն է։ Հեղափոխության արդյունքում երկիրը բաժանվեց երկու մասի կամ իրարամերժ բևեռի, տարածքային կորուստներ ունեցավ ու գտնվում է ներքին հակասությունների ու ատելության մեջ։ Ոչ ոք չի կարող ասել, թե վաղը ինչ կլինի այդ, երբեմնի ծաղկուն, հարուստ, աշխարհաքաղաքական տեղակայման լավագույն դիրք և ծովով ելք ունեցող երկրի հետ։

Ուկրաինացիները, որ լավ, ջերմ, ներքին ազատությամբ օժտված ժողովուրդ են, արդեն 15 տարի գտնվում են սեփական թերությունների ու այդ թերությունները մարմնավորող քաղաքական ապաշնորհ, լկտի դասի ենթակայության ներքո։ 50 միլիոն բնակչից պակասել, դարձել են քառասուն միլիոն։ Արտագաղթն ուժգնանում է։ Պատերազմելով Ռուսաստանի դեմ՝ նրանք ամբողջությամբ տրվել են մեկ այլ տիպի՝ չգիտակցված թշնամիների կամքին, ովքեր, այս երկիրը կամաց-կամաց տրոհելով ու Ռուսաստանին նետելով, փորձում են շարքից դուրս հանել իրենց հին ու հիմնական աշխարհաքաղաքական ախոյանին։ Այսօրվա իշխանությունը գրեթե միայն օտարազգիների ձեռքին է։

Մենք այդ հեղափոխական ընթացքի առաջին, այսպես կոչված, թավշյա փուլում ենք, սակայն հիմնական դերակատարները այստեղ էլ են Սորոսն ու նրա հայազգի սատրապները, իսկ դատավարական որոշ պրոցեսների հիմնական նպատակը մոնոէթնիկ, միասնական Հայաստանում բևեռացված հասարակության ստեղծումն է, և, ուզես թե չուզես, Հայաստանում այն գնալու է Հայաստան-Արցախ ջրբաժանի գծով, և այս գործընթացների հեղինակները շատ լավ են կազմակերպում, իրականացնում այս «սև Խոռոչների» առաջացումը։ Ու, հավատացած եղեք, դեռ երկրորդ ու երրորդ փուլեր են լինելու, մինչև չմաղեն հայ ժողովրդի մնացուկները։

Բաժանման մյուս գիծը ազգային բարոյական ու ազգային գեղագիտական արժեքներով հարուստ, հանգիստ Հայաստանում ազգայինի ու համամարդկայինի միջև հակասությունների ու պայքարի ճակատային գծի առաջացումն է, որին էլ ծառայում են Հայոց լեզվի ու պատմության, բանակի, ռազմահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ տարբեր որոշումներ ու քննարկման դրված օրինագծեր, կարմիր-կապույտ վարսերով բազմաբնույթ գործիչներ, սեռական փոքրամասնական ինքնահաստատվող ինդիվիդումներ և այսպես շարունակ։

Հայաստանի քաղաքական իշխանությունները, վարչապետն ու նախագահը, եթե իրենք չեն այս ամենի իրագործողները, ապա մատը մատին չեն տալիս, որպեսզի հայ ժոողովուրդը՝ որպես բազմահազարամյա քաղաքակրթական սյուն ու աշխարհակազմիկ երևույթ, ապրի ու երջանկանա իր դարերով հաստատված ազգային-ավանդական հունով։ Ավելին՝ ազգային ամեն բան հայտարարված է, կարծես, թշնամական, իսկ երիտասարդները գնում են դեպի մոդա ու ժամանակակից հայտարարված կեղծ ապրելաձև։

Ռուսական մի լավ ասացվածք կա․ «Խելացի մարդը սովորում է ուրիշների սխալների վրա և ոչ թե սեփական»։ Այս հեղափոխություն կոչվող բարոյական անկումը հարկավոր է դադարեցնել։ Նայեք, խնդրում եմ, հարևան երկրներին ու մի կրկնեք նրանց սխալները։ Համատարած արժեզրկման ու այլասերումների դարում իսկական հեղափոխությունը ամուր ազգային պահպանողականությունն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել