Pastinfo.am-ը գրում է.

Այսօր ունենք փաստ, որ սոցիալական մեդիան մեր երկրում ֆեյք նյուզի գլխավոր տարածողն է։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այս կարծիքն արտահայտեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նկատեց՝ երբ անընդհատ խոսում են ֆեյք նյուզի տարածման մասին, պետք չէ տպավորություն լինի, որ դրանով զբաղված են լրատվամիջոցները, որովհետև պատգամավորի խոսքով իրեն հարգող լրատվամիջոցն ինքնակարգավորման տարբեր օղակների միջով է անցնում և տարբեր ֆիլտրերի միջով է անցնում, հետևաբար ֆեյք նյուզ տարածելու հնարավորությունն ավելի քիչ է, քան այն լրատվամիջոցների դեպքում, որոնք չունեն ո՛չ հասցե, ո՛չ հեռախոսահամար, ո՛չ էլ պատասխանատու և հենց նրանց միջոցով էլ իրականացվում է ֆեյք նյուզի տարածումը, որն էլ գալիս է սոցիալական մեդիա։

Թագուհի Թովմասյանը որպես օրինակ ներկայացրեց ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Ամանորին վերաբերող ֆեյսբուքյան վերջին գրառումը. «Ի՞նչ ասաց Աննա Հակոբյանը։ Անշառ առաջարկ, որ եկեք տոլմաներից ու բլինչիկներից ազատվենք, գնանք Նոր տարին վայելենք։ Ի՞նչ արեցին իր հետ հայտնի, ուղղորդված ուժերը։ Ի՞նչ բառապաշարով, ատելության ինչ չափաբաժնով այդ մարդուն սկսեցին պատասխանել և վարկաբեկել։ Հիմա Աննա Հակոբյանն ինչպե՞ս պետք է պաշտպանվի։ Նա խոցելի խումբ չէ, մեղմ ասած չի ստացվի տեղավորել որպես խոցելի կին»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Նրա կարծիքով նախաձեռնությունը պետք է լինի ընդգրկուն, չպետք է ինքնապաշտպանվելու կամ պաշտպանվելու հնարավորություն տալ կոնկրետ խմբերի, սա պետք է տարածվի բոլորի վրա. «Եթե չի տարածվելու, մենք անպտուղ գործունեությամբ ենք զբաղվում, որովհետև այսպես թե այնպես կանանց իրավունքները պաշտպանված են։ Այսինքն` մեր երկրում չկա այնպիսի իրավիճակ, որ մեկին կոնկրետ թիրախավորում են կին լինելու համար կամ թիրախավորում են, որովհետև հաշմանդամ է։ Այդպիսի շատ քիչ դեպքեր կան և այդ դեպքերն արդեն դատապարտվում են և օրենքով պաշտպանված են»,-հավելեց Թագուհի Թովմասյանը, ում կարծիքով ատելության խոսքից պետք է պաշտպանել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ շարքային քաղաքացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյա, ընդհուպ վարչապետ, նախագահ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել