Marketium.ru-ն գրում է, որ վիտամինների անբավարար քանակը բացասաբար է անդրադառնում ողջ օրգանիզմի, այդ թվում՝ մաշկի որակի վրա։

Վիտամին A: Այս վիտամինը կարևոր է ոչ միայն մաշկի, այլև ատամների, հյուսվածքների, լորձաթաղանթների առողջության համար։ A վիտամինի անբավարար քանակը կարող է մաշկի թեփոտության, շուրթերի չորության հանգեցնել։ Վիտամինի անհրաժեշտ քանակը կարող եք ստանալ՝ օգտագործելով ձու, միս, կաթ, պանիր, լյարդ, սերուցք։ Կարող եք սննդակարգ ներառել նաև սպանախ, կանաչի, կաղամբ, դեղձ, ծիրան, դդում, գազար։

Վիտամին D: Այս վիտամինի անբավարար քանակը կարող է ազդել ոսկորների վիճակի վրա և օստեոպարոզի առաջացման պատճառ դառնալ։ Բացի այդ՝ այն փսորիազի առաջացմանը նպաստող գործոններից մեկն է։ Մաշկը վիտամին D է արտադրում արևի ճառագայթների ազդեցությամբ։ Այս վիտամինը կարող եք նաև ստանալ ձվի դեղնուցից, լյարդից, կաթից, հանքային ջրից։

Վիտամին E: Այս վիտամինն օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ։ Այն օգնում է մաշկը պաշտպանել արևի ճառագայթներից, որոնք ծերացնում են մաշկը և կնճիռների առաջացման պատճառ դառնում։ Վիտամին E պարունակում են արևածաղկի և ձիթապտղի յուղերը, ցորենի ծիլերի կաթը։ Դրանով հարուստ են նաև սպանախն ու բրոկոլին։

Վիտամին C։ Այս վիտամինը չափազանց կարևոր է մաշկի առողջության համար, քանի որ հակաօքսիդանտ հատկություններ ունի։ Այն կարևոր դեր է կատարում նաև կոլագենի սինթեզի ընթացքում՝ սպիտակուց, որը մաշկին ձգվածություն է հաղորդում։ Վիտամին C-ի երկարատև անբավարար քանակը կարող է հանգեցնել մի վիճակի, երբ օրգանիզմն այլևս չի կարողանում կոլագեն արտադրել։ Արդյունքում՝ կարող են նկատվել ցավ մկաններում և հոդերում, լնդերի այտուցներ և արյունահոսություն։ Վիտամին C պարունակում են բազմաթիվ մրգեր ու բանջարեղեն՝ գրեյպֆրուտ, նարինջ, մանգո, պապայա, ծաղկակաղամբ, լոլիկ, սպանախ, բուլղարական պղպեղ։

Վիտամին B2: Այս վիտամինը մասնակցում է սննդից էներգիայի մշակման գործընթացին և կարևոր նշանակություն ունի մաշկի առողջության համար։ Այս վիտամինի անբավարար քանակը կարող է լեզվին, շուրթերի անկյուններում ճաքերի, կարմրության, բշտիկների առաջացման պատճառ դառնալ։ Կարող է նաև մազաթափություն նկատվել։ Վիտամին B2 պարունակում են կաթը, կաթնաշոռը, յոգուրտը, բանջարեղենը, ձվի դեղնուցը։

Վիտամին B3: Այս վիտամինն օրգանիզմին օգնում է էներգիայի վերածել սպիտակուցները, ածխաջրերն ու ճարպերը։ Այն նաև հարկավոր է մաշկի առողջությանը, քանի որ մասնակցում է նյութափոխանակության և նյարդային համակարգերի աշխատանքի կարգավորմանը։ Այս վիտամինի երկարատև անբավարար քանակը կարող է հանգեցնել առողջական վիճակի, որին բնորոշ են դերմատիտները, դեմենցիան, դիարեան։ Վիտամին B3 պարունակում են ձուկը, թռչնամիսը, ձուն, կաթը, սունկը, ընդեղենը։

Վիտամին B6: Այս վիտամինի անբավարար քանակի դեպքում կարող են նկատվել այնպիսի նշաններ, ինչպիսիք են բորբոքումը, քորը, մաշկի թեփոտումը, բերանի անկյուններին ճաքերի առաջացումը։ Վիտամին B6 պարունակում են ձուն, թռչնամիսը, բանջարեղենը։

Վիտամին B7: Այս վիտամինը կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար։ Որոշակի սննդային սովորությունները կարող են հանգեցնել մի շարք խնդիրների, այդ թվում՝ մաշկի չորության, դերմատիտների, մազաթափության, սրտխառնոցի, ախորժակի կորստի, թուլության, մկանային ցավերի։ Վիտամին B7 պարունակում են ծաղկակաղամբը, գետնանուշը, ձվի դեղնուցը, հավի միսը, սունկը։

Վիտամին B12։ Այս վիտամինը կարևոր է արյան և նյարդային բջիջների առողջության պահպանման համար։ Դրա անբավարար քանակը կարող է հոգնածության, տեսողության, ախորժակի վատացման, շնչահեղձության պատճառ դառնալ։ Այս անձանց շրջանում կարող է նկատվել անեմիա, սպիտակ հետքեր մաշկին։ Վիտամին B12 պարունակում են միսը, պանիրը, լյարդը, կաթը, ձուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել