Հայաստանյան ավելի բաց տեղեկատվական տիրույթը և հասարակության ժողովրդավար կառուցվածքը, ուզենք, թե չուզենք, բերում է նրան, որ, դիցուք, Բաքվի բռնապետի վարչակարգի արտգործնախարարի հարցազրույցն ազդում է մեզանում ներքաղաքական տրամադրությունների վրա։

Ընդ որում, այդ պաշտոնյան այնքան է լպիրշացել, որ իրեն թույլ է տալիս խոսել Հայաստանում իբր կլանային պայքարի մասին։ Այո՛, այո՛, հենց այն երևույթի վերաբերյալ, որի ականատեսն ենք հենց Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում և որը երբևիցե բնորոշ չի եղել Հայաստանին։

Ժամանակակից պատերազմները հիբրիդային են, և Բաքվի բռնապետի արտգործնախարարը եվրոպական մայրաքաղաքներից մեկում իր հարցազրույցով իսկ, ըստ էության, հոգեբանական պատերազմ է մղում մեր դեմ՝ պատերազմ, որում մենք պետք է ոչ միայն պասիվ չլինենք, այլ սեփական գերակտիվությամբ և աշխուժությամբ ճնշենք հակառակորդին։

Ասվածի շրջարկում բազմիցս պնդել եմ, որ առանց դիվանագիտական լեզվի պաճուճանքների ասած, Հայաստանը պետք է միջամտի Ադրբեջան կոչվող կազմավորման ներքին գործերին, իսկ հիմա դրա համար ստեղծվել է բավական պատեհ իրավիճակ՝ պայմանավորված խորհրդարանի լուծարմամբ և նախընտրական փուլով, ինչն առաջ է բերել լրացուցիչ լարման կետեր, որոնց վրա էլ հայկական կողմը պետք է մեթոդաբար գործադրի հնարավորին մեծ ճնշում։

Վերոնշյալ ժամանակակից պատերազմների գործիքակազմը, որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, հնարավորություն է ընձեռում «ռազմաճակատի» գիծը անցկացնել Բաքվով, առանց այդ քաղաքում ֆիզիկական ներկայության, և հենց իր որջում էլ հակառակորդի վրա գործադրել այնպիսի հսկայական ճնշում, որպեսզի վերջինս մատնվի ներքին անկայունության և քաոսի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել