Հիերարխիան ընտանեկան համակարգի չափորոշիչներից մեկն է, որի նպատակն է ընտանիքում կարգ ու կանոն հաստատելը, պատկանելիություն, հեղինակություն, ընտանիքում իշխանություն, մի անդամի ազդեցությունը մյուսների վրա որոշելը։

Հիերարխիայի դրույթներից մեկն այն է, որ ընտանիքում ծնողները պատասխանատվություն են կրում երեխաների համար և ունեն իշխանություն։ 

Ընտանեկան համակարգում հիերարխիայի խախտումը

Տրիանգուլացիան հուզական գործընթաց է երկու մարդկանց միջև, որը միտում ունի հարաբերություններում ներգրավելու երրորդին։ Խախտված ընտանիքում, որտեղ ներքին սահմանները հստակ չեն, ծնողները կարող են երեխաներին իրենց հուզական գործընկերը դարձնել։ Սա շրջված հիերարխիան է, որի դեպքում երեխայի կարգավիճակը ընտանիքում հավասարվում է ծնողականին։

Օրինակ՝ «դուստր-ընկերուհի»։ Մայրը դստեր հետ շփվում է հավասարի պես, որպես ընկերուհիներ, ինչը բերում է երեխայի մոտ հոգեբանական դիսկոմֆորտի, դերերի խախտման, երեխայի ուժի թուլացման։

Նորմայում երեխայի ուժը պետք է ուղղվի դեպի սոցիում, օգտագործվի հասակակիցների հետ շփման համար։ Այն դեպքում, երբ մայրը սկսում է դստեր հետ կիսվել իր ու ամուսնու վատ հարաբերություններից, հոր դավաճանության հետ կապված իր կասկածներից, երեխայի հոգում սկսում է խառնաշփոթ տիրել։

Երբ մայրը դստերը ընկերուհի է դառնում, դստեր աչքերում դա նվազեցնում է նրա հեղինակությունը և որպես դրա հետևանք աղջիկը ակամայից միանում է հորը։ Երեխան չի ցանկանում նման բաներ լսել, նրա համար ծանր է ծնողներից մեկի հասցեին բացասական բաներ լսելը։ Նույնն էլ տեղի է ունենում որդու դեպքում։

Ինչ չպետք է իմանան ձեր մասին երեխաները

Երեխաները չպետք է իմանան ծնողների ինտիմ մանրամասներն ու գաղտնիքները։ Առաջին հերթին դա վերաբերում է սեռական հարաբերություններին։ Փոխաբերաբար դա այսպես է հնչում․ «Ամուսնական ննջարանի դուռը պետք է ամուր փակված լինի երեխաների համար»։ Այո, երեխաները գիտեն, որ այդ դուռը կա, և այդքանով վերջ։ Երեխաները նաև չպետք է իմանան ծնողների նախամուսնական կապերի, սիրահարվածությունների մասին։ Նախորդ ամուսնությունների մասին էլ պետք է տեղեկացնել զուտ որպես փաստ, բայց խորապես չֆիքսվել դրա վրա, որպեսզի երեխաների մոտ ծնողների հարաբերությունների վերաբերյալ տագնապ չառաջանա։

Հիմա վերադառնանք ընտանեկան համակարգում հիերարխիայի խախտումներին։ Պարենտիֆիկացիա եզրույթն առաջացել է անգլերեն «parents»` ծնողներ բառից։ Բառացիորեն դա նշանակում է, որ երեխաները ֆունկցիոնալ առումով իրենց ծնողների ծնողն են դառնում։ Սա շրջված հիերարխիայի տարբերակը հաճախ առաջանում է, օրինակ, երբ ընտանիքում հարբեցողություն, թմրամոլություն է առկա ծնողներից մեկի կամ երկու ծնողի դեպքում էլ։ Օրինակ՝ հայրը հարբեցող է, և ընտանիքում որդի կա, նա հաճախ փոխարինում է հորը։ Երեխան հաճախ նման դեպքերում իր վրա է վերցնում ընտանիքի ողջ պատասխանատվությունը։ Նա է որոշումներ կայացնում, նա է պատասխանատվություն կրում ընտանեկան սահմանների համար՝ դրանք ավելի խիստ դարձնելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել