keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Չկա որեւէ առիթ, թեմա, որ կարողանան ինձ մեղադրանք առաջադրել. Արծվիկ Մինասյան

visibility 670 commentմեկնաբանել
Hraparak.am-ը գրում է. 

Էկոնոմիկայի, ապա նաեւ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանին այս տարվա սկզբից սկսած՝ տարբեր գործերով կանչում են հարցաքննության։ Բոլորն էլ՝ վկայի կարգավիճակով։ Վերջինը նոյեմբերի 7-ին էր, երբ պարզվեց, որ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում Մինասյանը հարցաքննվել է։ Տարօրինակ կերպով, Մինասյանի հանդեպ իրավապահների հետաքրքրությունը համընկել է ՀՅԴ-ի ակտիվացման եւ իշխանությունների հանդեպ դիրքորոշումը կոշտացնելու հետ։

Երեկ հետաքրքրվեցինք Արծվիկ Մինասյանից, թե որ փուլում են իր մասնակցությամբ քրգործերը, նորություն կա՞։ Ասաց, որ որեւէ նորություն չկա․ «Ոչ մի ինֆորմացիա չկա, հարուցված գործերից որեւէ մեկով չունեմ տեղեկատվություն»։

Վերջին գործը, ըստ Մինասյանի, «Զվարթնոց ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի ցուցմունքի հիման վրա է հարուցվել, իսկ ընկերությունը գործել է բնապահպանության նախարարության ենթակայության տակ։
«Նախկին տնօրենին որ ազատել էի աշխատանքից, ինքն ամբաստանություն էր արել, թե իբր ես իրեն ապօրինի հանձնարարություն եմ տվել, ինքը չի կատարել, դրա համար եմ իրեն ազատել աշխատանքից։ Բայց աբսուրդ է։ Նախ՝ ես իրեն ազատել եմ շատ ավելի խորքային պատճառով, որ չի կարողանում կառավարել։ Երկրորդը․ ինչի մասին ինքն ասում էր, թե իբր ապօրինի հանձնարարություն եմ տվել, դա օրինական գործընթաց է եղել, «Բրիտանական ավաուղիների» եւ «Զվարթնոց ավիաօդերեւութաբանական կենտրոնի» միջեւ դրամական վեճի հարց է եղել, որը Գլխավոր դատախազության պատշաճ հիմնավորմամբ լուծվել է՝ կնքելով վարչության համաձայնությունը»,- ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ մոտ 6-7 գործ կա հարուցված, որոնցից մեկով որպես պատգամավորի թեկնածու է անցնում, մյուսներով՝ որպես նախկին նախարար։ «Մեկն Արարատյան դաշտի ստորգետնյա ջրավազանների հետ կապված է, մյուսը՝ «Սեւան ազգային պարկի» հետ կապված․․․»,- ասաց նա։ Հարցին՝ մտավախություն կա՞, որ վկայի կարգավիճակը կարող է փոխվել իր մասով, եւ ինչ-որ պահի դառնալ, ասենք, կասկածյալ կամ մեղադրյալ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ բացառում է։
«Որովհետեւ չկա որեւէ դեպք, առիթ, թեմա, որ կարողանան ինձ որեւէ մեղադրանք առաջադրել։ Համենայնդեպս, այն պարզաբանումները, որ տվել եմ ես, լրիվ օրենքներով, իրավական ակտերով, համապատասխան հղումներով, իմ լիազորությունների ներկայացմամբ ես արել եմ»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝