Դեկտեմբերի 12-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019» ծրագիրը:
 
«Տարվա լավագույն երիտասարդ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Մալխասյանը:



Blognews.am-ը զրուցեց Տիգրան Մալխասյանի հետ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իր թեկնածության մասին տեղեկացել է շատ ուշ, նախարարության անսպասելի զանգից:
 
«Ինձ առաջադրել էին որպես թեկնածու, և ես անսպասելիորեն դարձա մասնակից, սակայն հաղթանակս սպասելի էր, քանի որ իմ և մեր հրաշալի թիմի ուժերի վրա վստահ եմ»:



Պարոն Մալխասյանը խոսեց երիտասարդության և մշակույթի հիմնախնդիրների մասին և այն հարցին, թե այժմ ի՞նչ խնդիրներ և խանգարող հանգամանքներ կան մեր երիտասարդության առջև, պատասխանեց. 

«Խնդիրներն իրականում շատ են բոլոր երկրներում, ոչ միայն մեզ մոտ: Մեր առաջին ամենամեծ խնդիրներից է ուսման խնդիրը։ Ես դեմ չեմ խստացումներին, և հասկանալի է, որ բոլորը չեն կարողանա ընդունվել համալսարան, սակայն ընդունվողների համար անվճար սովորելու հնարավորություն պետք է ստեղծվի, որպեսզի գրագետ, խելացի մարդիկ հասնեն իրենց նպատակներին, ինչով և առաջ կտանեն Հայաստանը: Ես հասկանում եմ, որ մենք ունենք բյուջե, որը չի նախատեսում դա։ Ցավոք սրտի, դեռևս հնարավոր չէ պարզապես շռայլել, բայց որպեսզի մեր բյուջեն շատանա, և մենք իրոք գրանցենք տնտեսական աճ, մեզ պետք են լավ կադրեր, սրտացավ կադրեր:
Հաջորդը աշխատատեղերի բացակայության խնդիրն է, երիտասարդներին աշխատանքի տեղավորման խնդիրը։ Հաջորդ խնդիրը, որ մենք ունենք, երիտասարդների մեջ սխալ մշակույթ ձևավորելու թույլտվությունն է։ Հիմա մենք ֆիլմերում, համացանցում տեսնում ենք այլասերվածություն, հակակրոնական և հակամշակութային քայլեր, անորակ երաժշտություն, և ցավոք սրտի, դրանք գերակշռում են։ Իհարկե, կան նաև լավ ֆիլմեր, լավ երաժշտություն, հնարավոր չէ այդ մասին չնշել: Այդ ամենը բացասական ազդեցություն ունի մեր սերնդի վրա: Երբ դու լսում ես ժողովրդական, ռազմասիրական երգեր, և՛ մարմինդ է փշաքաղվում, և՛, ժողովրդական լեզվով ասած, «դուխ» ես առնում, բայց այն «դուխ»-ը չէ, որը հիմա մեզ քարոզում են:
Մենք հիմա ունենք նախաձեռնություն՝ կամավորների դպրոց և ձայնագրման ստուդիա, որտեղ երիտասարդները կկարողանան անվճար ձայնագրվել, նկարել տեսահոլովակներ։ Հատկապես կենտրոնացած ենք ժողովրդական և ճիշտ էստրադային երաժշտության վրա:


 
Մեր երիտասարդների մեջ, միանշանակ, հեռանկար տեսնում եմ, չի կորել հույսը, և կա հնարավորություն առաջ գնալու, մեր ազգը դեռ չի դեգեներացվել, մենք պարզապես սխալ մշակույթ ենք ձևավորել և թելադրում նրանց: Մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր չեն կարող ցույց տալ իրենց, որովհետև գումար չեն վաստակի, որովհետև իրենց տիրություն անող չկա, արդեն կարծրատիպ է դարձել, որ եթե վատը չլինի, դու գումար չես ստանա, եթե չլինես այլասերվածության կողմնակից, ապա գրանտ չես ստանա: Ես մեծ հույսեր ունեի, որ հայ ժողովրդական հեղափոխությունը իրոք կլինի հայ ժողովրդական»:
 
Տիգրան Մալխասյանը նշեց, որ շատ ուրախ է «Տարվա լավագույն երիտասարդ» կոչմանն արժանանալու համար և հավելեց, որ այդ հաղթանակը թիմային աշխատանքի շնորհիվ է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել