168.am-ը գրում է.

«Ինձ ոչ ոք չի առաջարկել խոսել Լավրովի անունից, իմ ազգանունը Զատուլին է»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման «Լավրովի պլանի» առկայության մասին խոսակցություններին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել և հերթական անգամ մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից: Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն ասել է, մասնավորապես, թե իբր հայկական կողմը բանակցություններին ներկայացրել է «Լավրովի պլանը», այսօր բանակցություններում քննարկվում են կոնկրետ կետեր, բանակցությունների օրակարգում ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակն է: Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից ասել է, թե վերջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը», և, այդուամենայնիվ, Մամեդյարովի խոսքով, բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու, այսպես թե այնպես, շարունակել բանակցությունները»,- հայտարարել է նա:

Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է, թե Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններում քննարկում են կոնկրետ և իրական կետեր:

Կոնստանտին Զատուլինը հրաժարվեց խոսել այդ մասին՝ նշելով, որ դա ոչ թե «Զատուլինի պլանն» է, այլ «Լավրովի պլանը», և տրամաբանական կլիներ հարցն ուղղել Լավրովին, թե որն է նրա պլանը: «Ես այս պարագայում չեմ ցանկանում մեկնաբանել, որևէ մեկն ինձ չի առաջարկել մեկնաբանել, հանդես գալ Լավրովի անունից, իմ ազգանունը Զատուլին է»,- ասաց Զատուլինը:

Նա նշեց, որ երկար տարիների ընթացքում կողմերը խոսում են տարբեր բանաձևերի մասին, և իրեն անհանգստացնում է այն, որ որոշակի պահի՝ մի քանի տարի առաջ, Կազանում տպավորություն ստեղծվեց, որ մենք մոտ ենք պայմանավորվածություններին:

«Բայց հետո գործընթացը տապալվեց, ավելին՝ 2016 թվականին եղավ ռազմական սադրանք, գործողություններ: Ես, ի տարբերություն շատերի՝ նշում եմ, որ դա Ադրբեջանի նախաձեռնությունն էր, նա հետաքրքրված է ներկայիս ստատուս-քվոյի ջախջախմամբ հակամարտության գոտում»,- ասաց ՌԴ Դումայի պատգամավորը:

Նրա խոսքով՝ ռուսական դերակատարությունն այն է, որ կողմերը պայմանավորվեն՝ առանց ուժ կիրառելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել