Tert.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկած նախագիծը, որով   սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 կամ պահեստազորի 35 տարին լրացած քաղաքացիների նկատմամբ օրենքի գործունեությունը տարածելու ժամկետը պետք է սահմանել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, և հունվարի 1-ից ուժը կորցրած պետք է ճանաչվի այդ օրենքի գործունեությունը, շատ ՀՀ քաղաքացիների կզրկի Հայաստան վերադառնալու ցանկությունից։

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց զինվորական իրավունքի գծով մասնագիտացած փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարի առաջարկած նախագծին։

«Պետք  է մի փոքր հետ գնանք․ այդ օրենքը 2003 թվականին էր ընդունվել, բայց պարբերաբար ժամկետը երկարաձգվում էր։ Որ այդ խնդիրը պետք է լուծվի, միանշանակ կողմ եմ, բայց այստեղ այլ խնդիր կա»,- նկատեց փաստաբանը։

«Դավիթ Տոնոյանն ասում է՝ մենք հիմա այն փուլում ենք, որ ունենք 22 000 քաղաքացի, որոնք սահմանված կարգի խախտմամբ պարտադիր ժամկետային զինծառայություն չեն անցել, և եթե նրանք մինչև դեկտեմբերի 31-ը չօգտվեն օրենքի այս հնարավորությունից և համապատասխան դիմումներ չներկայացնեն, մենք նրանց  ընդմիշտ կզրկենք Հայաստան վերադառնալու հնարավորությունից»,- պարզաբանեց Նորիկյանը։

Փաստաբանը նշեց, որ նման օրենքը քաղաքացիներին կստիպի Հայաստան չվերադառնալու որոշում ընդունել։  «Ամեն դեպքում, նրանք ՀՀ քաղաքացի են, և ՀՀ-ն պարտավոր է այս խնդիրը կարգավորել։ Պետք է այլընտրանք գտնել նրանց չկորցնելու համար»,- նշեց նա։

Նրա խոսքով՝  պետք է ինչ-որ փոխհատուցման ձևով քաղաքացիների դատավարական կարգավիճակը: Նորիկյանը նշեց, որ ի շահ ՀՀ-ի՝  պետք է այնպիսի իրավական կարգավորում ստեղծել, որը հնարավորություն կտա այդ մարդկանց օգտին որոշում ընդունել, որը նաև կնպաստի պաշտպանության բյուջեի ավելացմանը։

«Հունվարի 1-ից հետո 22 000 քաղաքացու ճակատագիր անորոշ է մնալու։ Այդ մարդկանց կարգավիճակը հստակեցնող իրավակարգավորում մենք չենք ունենալու»,- ասաց նա և հավելեց, որ ինքը ևս համաձայն է Դավիթ Տոնոյանի  այն դիտարկման հետ, որ վերջին տարիներին պարտադիր զինծառայությունից խուսափողների թիվը չի նվազում, սակայն այնքան էլ համաձայն չէ նրա հետ, որ ծառայությունից խուսափելու համար արտագաղթում են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել