Միլանի Գիտության և տեխնիկայի թանգարանում բացվել է «Լեոնարդոյի նոր պատկերասրահները» մշտական ցուցահանդեսը: Սա աշխարհի ամենամեծ ցուցահանդեսն է, որը նվիրված է Լեոնարդո դա Վինչիի ինժեներին և բնագետին, հայտնում է Artribune.com-ը:

Թանգարանի նոր բաժինը ներառում է 170 աշխատանք (որից ավելի քան 70-ը մոդելներ են) և 39 մուլտիմեդիական ինստալյացիաներ՝ ավելի քան 1300 քմ մակերեսի վրա:

Նախապատրաստական աշխատանքներին, որոնք տևել են չորս տարի, մասնակցել են Թուրինի թանգարանները, Միլանի Հնագիտության և Պատմության թանգարանները, Փարիզի Ֆրանսիայի ինստիտուտը և աշխարհի ավելի քան 70 մշակութային հաստատություններ:

Ցուցահանդեսի բացումը նվիրված է հայտնի նկարչի և գյուտարարի մահվան 500-ամյակին: Նախագծի համակարգողը Կլաուդիո Ջորջոնեն է:

Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս հետևել գիտության և արվեստի տարբեր բնագավառներին, որոնցով զբաղվել է Լեոնարդոն, ցույց է տալիս նրա հետաքրքրությունը մեքենաների և մեխանիզմների հանդեպ Verrocchio արհեստանոցում ուսման տարիներին, նկարչության օգտագործումը որպես հետազոտական մեթոդ, ռազմաինժեներական նախագծերը, թռչող սարքերը և տիեզերքի ու տարածության կառուցվածքի մասին մտքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել