168.am-ը գրում է.

«Ես չգիտեմ, թե որտեղից է եկել այդ աղմուկը, նույնիսկ վերնագիր կա, որ Իգիթյանը ներկայացրել է, թե վարչապետը դեմ չէ, որպեսզի Ալիևն իր Արցախի «ադրբեջանական համայնքին» բերի բանակցությունների։ Եթե դուք ամբողջությամբ նայեք իմ ասածը կամ նայեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, ապա այնտեղ ամեն ինչ միանշանակ նշված է և լրիվ պարզ է։ Ես նորից վերադառնում եմ այդ գաղափարախոսությանը, որը հիմնականում Հայաստանի մարտավարությունը պետք է լինի»,- այս մասին նշեց Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը՝ կապված Արցախի «ադրբեջանական համայնքի» հետ։

Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ, և այստեղ որևէ այլ կարծիք լինել չի կարող, ինչը, ըստ նրա՝ գոնե տեսանելի է, որ Մինսկի խմբի համանախագահները չեն մերժում։

«Ինչո՞ւ պետք է Արցախը լինի սեղանի շուրջ, քանի որ կա Հայաստան, ի դեմս Հայաստանի ղեկավարի, որը ներկայացնում է իրեն ընտրած մարդկանց, կա Ալիևը, որն ունի ընտրազանգված, այդ թվում՝ այն մարդկանց, որոնք ժամանակին տեղափոխվել են, նրանք Ալիևին ձայն են տվել և, լինելով բանակցային սեղանի շուրջ, ներկայացնում է բոլոր այդ մարդկանց, նաև այն մարդկանց, որոնք իրենց հռչակում են Արցախի «ադրբեջանական համայնք»։ Ալիևն ուզում է նրանց ներկայացնի, ուզում է ֆիզիկապես իր հետ բերի, այստեղ որևէ խնդիր չկա։ Վերջապես կա Արցախի Հանրապետություն և այնտեղ ապրող ժողովուրդ, որը ներկայացուցչական ձևով ընտրել է իր ղեկավարին, և այդ ղեկավարը՝ ի դեմս Արցախի ղեկավարի, պետք է ներկա լինի բանակցային սեղանին։ Երբ Ադրբեջանը ժամանակին փորձում էր նսեմացնելով Արցախի ժողովրդին՝ բերել ադրբեջանական, այդպես կոչված, համայնքին, մենք կարողանում էինք դեմն առնել։ Այսօր իրավիճակն այնպես է, որ չպետք է դա չեզոքացնենք»,- ասաց նա։

Ըստ նրա՝ իրենք չեն ասում, որ Արցախի «ադրբեջանական համայնքը» պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ասում են, որ Ալիևը ներկայացնում է բոլորին, այդ թվում՝ այն մարդկանց, որոնց ինքը համարում է Արցախի «ադրբեջանական համայնք»։

Հիշեցնենք, որ Հովհաննես Իգիթյանը մասնավորապես ասել էր. «Ժամանակին, երբ ես այս կամ այն ձևով մասնակցել եմ այդ բանակցային փուլին, հիշում եմ, որ այն ժամանակ ԵԱՀԿ-ն արդեն կողմնորոշվել էր, որ բանակցային սեղանի շուրջ պետք է նստեն երեք կողմերը՝ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը։ Ադրբեջանն Արցախի ներկայությունը նսեմացնելու համար իր հետ բերում էր ԼՂՀ «ադրբեջանական համայնքը», և մենք անընդհատ պայքարում էինք, քանի որ նրանք կարգավիճակ չեն ունեցել։ Տեսեք, թե այսօր ինչ է փոխվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որևէ խնդիր չի տեսնում, որ Ալիևի հետ միասին, որևէ պատվիրակության անդամ, այդ թվում՝ ԼՂՀ «ադրբեջանական համայնքի» անդամ համարվողները… Միևնույն է՝ կգա՞ն իրենք, թե՞ ոչ, Ադրբեջանի նախագահը ներկայացնում է այդ մարդկանց, որոնք ընտրել են Ալիևին։ Մեր ժողովուրդը խորհրդարանական ձևով ընտրել է պետության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում է մեր ժողովրդին։

Մնում է Արցախի ժողովուրդը, որին որևէ մեկը չի կարող ներկայացնել սեղանի շուրջ, սրա մասին է խոսքը, նրանք ո՛չ մեր վարչապետին են ընտրել, ո՛չ Ալիևին։ Այս դեպքում դա Ալիևի գործն է, թե նա ում հետ կգա։ Կարևորն այն է, որ մենք գոնե կարողացել ենք առարկա դարձնել Արցախի մասնակցությունը բանակցություններին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել