168.am-ը գրում է.

Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի աշխատակիցները վերջին շրջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում, արդյունք, սակայն, դեռ չկա: Դեկտեմբերի 10-ին անցկացվեց բողոքի հերթական ակցիան՝ աշխատավարձի վճարման պահանջով:

Արդեն չորս ամիս 165 հոգի աշխատավարձ չի ստացել, արդյունքում՝ չեն կարողացել մարել  վարկերը,  կուտակել են պարտքեր:

Ասում են՝ ջուրը, լույսն ու գազն են անջատում, երես չունեն անգամ  գնան խանութ ու հերթական անգամ պարտքով ապրանք վերցնեն:

«Երկու ամսով երկարաձգել են աշխատանքային պայմանագրերը:  Մինչև  հունվար մենք աշխատանքի մեջ ենք: Բայց այս չորս ամիսների ընթացքում  վարկերը չենք վճարել, սև ցուցակ ենք ընկել: Արդեն դանակը ոսկորին է հասել: Հասկանո՞ւմ եք, անձնական խնդիր չկա, մենք ընդամենը մեր աշխատավարձն ենք ուզում: Մեզ տեղեկացնում են, որ  կգան, կվճարեն,  բայց արդեն անհավատ ենք դարձել: Մենք չգիտենք, թե ում ենք սպասում. աչքերներս  բացում-փակում՝ փող ենք տեսնում, միայն դա գիտենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մետալուրգիական արտադրամասի աշխատակիցներից Ռոման Չոբանյանը:

Նրա փոխանցմամբ՝ չկա որևէ արձագանք ոչ ընկերության ղեկավարների, ոչ էլ իշխանության կողմից:

«Հանդիպել ենք Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանին,  ներկայացրել հարցերը, դրանից հետո զանգահարել ենք Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, նա պատասխանել է, որ հարցն ընթացքի մեջ է: Այս պատասխանը  մեզ չի բավարարում: Ինչ վերաբերում է  նոր տնօրենին, ապա նա եկել, ներկայացել է, ասել է, որ վճարելու են, իսկ դա եղել է  սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Հետո հայտնել է, որ չի ստացվում վճարել, դատական պրոցեսներ են, և այլն: Դե գիտեք՝ «Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանի որոշմամբ կալանք է դրվել: Իսկ բողոքի ակցիաները շարունական են լինելու. արդեն կարող է կտրուկ քայլերի դիմենք»,- հավելեց արտադրամասի աշխատակիցը:

«Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել էր դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:

Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծված մի քանի աշխատակից դիմել է դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների հարցը: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա:

Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը:  Պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել