Tert.am Life-ը գրում է.

«Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսակիր Հայկուհի Մաթևոսյանի ամենասիրելի տոներից մեկն Ամանորն է։  Նա շարունակում է հավատալ Ձմեռ պապիկին՝ չնայած դեռ 9-10 տարեկանում է բացահայտել, որ տոնածառի տակ նվերները ծնողներն են դնում։ Նախատոնական եռուզեռի մեջ Հայկուհին հասցրել է պատրաստել տոնական սեղանի աղցանները, ընտանիքի անդամների համար նվերներ գնել և զարդարել տոնածառը՝ բոլորին ամանորյա տրամադրություն հաղորդելով։

Ըստ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհու՝  չնայած քննական ծանրաբեռնված շրջանին, հասցրել է մի փոքր ժամանակ տրամադրել և տոնական ֆոտոշարք իրականացնել։  Լուսանկարների շարքը նա տրամադրել է Tert.am Life-ին և պատմել նախատոնական տրամադրության, սպասումների և ամենահիշարժան Ամանորի մասին։

«Ամանորն ամեն տարի տոնում ենք ընտանիքով, շատ գեղեցիկ ենք անցկացնում։  Այս տարի դեռ չենք որոշել, թե ինչպես և որտեղ ենք լինելու, սակայն մի բան հաստատ է՝ կլինենք ընտանիքով։ Դեռ այնպիսի դեպք չի եղել, որ ընտանիքիցս հեռու լինեմ կամ ընկերներիս հետ տոնեմ նոր տարին։ Կարծում եմ՝ սա ընտանեկան տոն է, ինձ համար, հաճելի է օրն անցկացնել ընտանիքիս հետ: Շատ եմ սիրում դեկետմբերի 31-ի գիշերը, որովհետև փոխանակվում ենք նվերներով։ Ծնողներս գիտեն, թե ես ինչից կարող եմ ուրախանալ և միշտ նվիրում են այն, ինչին իսկապես սպասում եմ։ Ամանորին իմ սիրելի պահերից է նաև տոնածառ զարդարելը։ Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք բոլորով զարդարել այն»,-ասաց Հայկուհին։ 

Հայկուհու խոսքով՝ նախատոնական պատրաստություններին սիրով է մասնակցում, ավելին՝ սիրում է այդ անցուդարձը․ «Հիմնականում ամեն ինչ մայրիկս է անում, բայց ես փորձում եմ օգնել։ Սիրում եմ աղցաններ պատրաստել։ Ամանորի հետ կապված գրեթե ամեն ինչ եմ սիրում, բացի ավանդական հյուր գնալուց, որովհետև կան մարդիկ, որոնց ուղղակի երկար ժամանակ չես տեսնում, չես շփվում նրանց հետ, սակայն այդ օրը մի տեսակ պարտավորված ես քեզ զգում գնալ նաև նրանց շնորհավորելու»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել