Pastinfo.am-ը գրում է.

Ոստիկանությանը՝ քաղաքացիներին գաղտնալսելու իրավունք վերապահելու մասին օրինագիծը ողջունելի չէ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ որքան շատ են մարմինները, որոնք ունեն մարդու իրավունքների նկատմամբ միջամտություն իրականացնելու հնարավորություն, այնքան ավելի վատ։ 

Նշենք, որ Ազգային ժողովում երեկ առաջին ընթերցմամբ 82 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը։ Ներկայումս նման իրավասություն ունի միայն ԱԱԾ-ն։

Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ խոսքը վերաբերում է այնպիսի իրավիճակի, երբ ավելի շատ կառույցներ կարող են այդքան կարևոր իրավունքների նկատմամբ միջամտություն իրականացնել, ինչպիսին անձի անձնական կյանքի անձեռնմխելիությունն է։ Ռուբեն Մելիքյանը չի բացառում, որ գործող իշխանություններին այդ մեկ մարմինն ուղղակի չի բավականացնում, որպեսզի իրենց «հետաքրքրող» բոլոր անձանց գաղտնալսումներ իրականացնեն։

Հարցին՝ արդյոք կլինեն դեպքեր, երբ հրատապ գաղտնալսեն մարդկանց, սակայն դատարանը հետագայում դա ոչ իրավաչափ համարի, Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ այստեղ կարևոր խնդիր կա. «Քանի որ մեր իշխանություններն իրենք են այս ոլորտում միջամտություն իրականացնում և ընդլայնում այդ մարմինների շրջանակը, ես կարծում եմ՝ իրավապաշտպան կառույցներն էլ պետք է հարց բարձրացնեն այս պարագայում պահպանել եվրոպական, միջազգային ստանդարտներով առկա երաշխիքները։ Հնարավոր են դեպքեր, երբ իրականացվի գաղտնալսում և մարդն այդպես էլ չիմանա, որ իր նկատմամբ գաղտնալսում է իրականացվել։ Օրինակ, եթե որևէ բան չի հայտնաբերվում, հետո գործը դատարան չի գնում անձը չի էլ տեղեկանում, որ իրեն գաղտնալսել են։

Այս տեսանկյունից կարևոր եմ համարում, որ մեզ մոտ ներդրվեն երաշխիքներ, որ եթե անգամ որևէ բան չի հայտնաբերվում, ապա որոշակի ողջամիտ ժամկետում պետք է անձին տեղյակ պահել, որ նրա հեռախոսն օրինակ գաղտնալսել են կամ այլ օպերատիվ հետախուզական գործողություն են կատարել, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա դա բողոքարկել»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Դիտարկմանը, որ նաև անհրաժեշտ կլինի գաղտնալսածը ողջամիտ ժամկետներում վերացնել, Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ այդ պահանջն, իհարկե, կա, սակայն բավարար երաշխիքներով ապահովված չէ. «Եթե պետությունը պարտավոր չէ անձին տեղեկացնել այդ մասին, որտեղից պետք է այդ անձն իմանա և որտեղից կարող է հանրությունը վստահ լինել, որ այդ երաշխիքները պահպանվում են։ Եթե մեր պետությունը փորձում է էլ ավելի լուրջ մակարդակի բերել իր ոստիկանական գործառույթները, ապա պետք է ցանկացած գաղտնալսման պարագայում որոշակի ողջամիտ ժամկետում անձը պարտադիր տեղեկացվի այդ մասին»,-նշեց Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով, որ սա եվրոպական ստանդարտ է, որն իր արտացոլումն է գտել եվրոպական դատարանի մի շարք որոշումներում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության վերաբերյալ որոշումներում։ Ռուբեն Մելիքյանը նաև հույս հայտնեց, որ իրավապաշտպան հանրության առողջ հատվածը համերաշխություն կդրսևորի այս հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել