168.am-ը գրում է.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր ԱԺ ճեպազրույցում նշեց, որ իրենք մտահոգված են, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը բոլոր նախագծերին կարողանում է քվեարկել այնպես, ինչպես ձեռնտու է Կառավարությանը: Ավելին՝ ունեցել են նաև վատ նախադեպ, երբ երկար քննարկումներից հետո՝ ունենալով ԱԺ համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությունը, զինվորների ապահովագրության ֆոնդից երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց փոխհատուցում տրամադրելու մասին նախագիծն ԱԺ մեծամասնությունը՝ հետևելով կառավարության դիրքորոշմանը, առանց որևէ դիրքորոշում հայտնելու՝ մերժել է:

«Մեր վերահսկողական օղակները քիչ են, և իշխանության ամեն մի ճյուղ պետք է փորձի մյուսին հակակշռել ու փոխզսպել»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու վերաբերյալ նախագիծը:

Խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Տարոն Սիմոնյանի խոսքով էլ՝ Սահմանադրական դատարանը կոլեգիալ մարմին է, որի նախագահը միայն մեկ ձայնի հնարավորություն ունի և իրավունք չունի իր կամքը պարտադրելու ՍԴ մյուս դատավորներին, ուստի ՍԴ դատավորները որևէ ձևով իրենց կաշկանդված չեն զգում Հրայր Թովմասյանի կամքով:

«Եթե խնդիրը միայն մեկ դատավորի կամքի հարցի լուծումն է, եկեք սա հասկանանք, թե որքանով է մեր քաղաքական ժամանակը թանկարժեք կամ քիչ թանկարժեք՝ այդ մարդու հետ կապված նման բուռն քննարկումներ կազմակերպելու համար: Կարծում եմ՝ մենք անհարկի չափազանցրել ենք ՍԴ նախագահի դերը, և նախագիծը, որը բերվում է ՍԴ նախագահի հարցը լուծելու համար, որևէ տրամաբանական կապ չունի այն նպատակների հետ, որն իր առաջ դրել է իշխանությունը»,- շեշտեց Տարոն Սիմոնյանը:

Նա՝ որպես նախկին փաստաբան, վստահեցրեց, որ տնտեսական զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկը վեճեր լուծողի՝ դատարանի անարդյունավետ աշխատանքն է: Ուստի, ըստ նրա՝ քաղաքական մանիպուլյացիա է դատական համակարգը նեղացնել ու միայն ՍԴ մեկ դատավորով պայմանավորելը:
Նրա խոսքով, եթե գումարի խնդիր չկա, ապա կարող են այն օգտագործել և դատական համակարգը բարեփոխել, ավելացնել դատավորների քանակը, ինչն իշխանությունը մերժել է՝ պատճառաբանելով, թե բյուջեում գումար չկա:
Ինչ վերաբերում է իշխանությունների այն պնդումներին, որ նման քայլով իրենք ձեռք են մեկնում ՍԴ դատավորներին, որպեսզի վերջիններս արժանապատիվ հեռանան,  Տարոն Սիմոնյանը նկատեց՝ ձեռք կարող են մեկնել իրենց սեփական միջոցների հաշվին, ոչ թե ՀՀ հարկատուների:

«Բարոյական առումով ես այստեղ խնդիր տեսնում եմ, քանի որ ՍԴ դատավորները բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող անձինք են, և երբ նրանց նման առաջարկություն են անում, ըստ էության նշանակում է՝ վաճառել իրենց մասնագիտությունը գումարի դիմաց: Հուսամ՝ որևէ դատավոր իշխանությունների մեկնած ձեռքը չի սեղմի և վնաս չի պատճառի ՀՀ քաղաքացուն»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել