Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ-ն կարելի է ասել զավթված է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Քաղաքական առումով այդ երկու անձնավորությունը ստեղծել են այն Հայաստանը, որը տասնամյակներ շարունակ պետք է սպասարկեր Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ այդ քաղաքական սպասարկման համակարգի մի մասն է հանդիսացել դատական համակարգը. «Այն լիովին ստեղծված է եղել որպեսզի սպասարկի այդ ռեժիմը և դրա պատճառով է, որ ՀՀ-ում բազմիցս հնչել է քաղբանտարկյալ արտահայտությունը, տնտեսական ոլորտում սեփականատերեր փոխելու, դատավորներին Բաղրամյան 26-ից զանգելու սովորույթն է եղել։ Այսօր դատական համակարգում կա խնդիր և դրա գերակշիռ մասն այսօր այդ պատճառով ենթակա է վերանայման»։

Նա հայտնեց, որ հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ ԱԺ-ի բակում տեղի էր ունենում խորհրդարանի 100-ամյակի տոնակատարությունը, որին ինքը նույնպես հրավիրված էր։ ՀՀԿ պատգամավորներից 2-ը նրան այդ ժամանակ ասել են, թե քիչ մնաց, մի քանի օր անց կտեսնեք, թե ինչ կլինի։

«Ես նույնիսկ կարող եմ անունը տալ, բայց չեմ ուզում գովազդել այդ անձնավորություններին։ Այն ժամանակ չհասկացա, թե ինչի մասին է խոսքը, սակայն տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ը և փորձ արվեց կանգնեցնել այն ամենն, ինչ սկսվել էր ՀՀ-ում։ Հիմա կա դատական իշխանության խնդիր, որը փաստում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, նույն տիկին Տոնոյանն ասում է, որ ՍԴ անդամներն իրենց աչքի լույսը չեն, դրա մասին խոսում են դատավորները, բոլորն ասում են դա, բայց երբ քայլ է արվում որևէ բան լուծելու, չգիտես ինչու շահարկվում է այն բանը, որ իշխանությունը փորձում է իրեն հարմար դատական իշխանություն ձևավորել»,-ասաց ԱԺ փոխնախագահն ու ավելացրեց, որ այդ համակարգը ի սկզբանե սպասարկելու համար էր ստեղծվել և եթե նման քայլի գնալու լինեին այս ամենի կարիքը չէր լինի։

Սիմոնյանն ընդգծեց, որ իրենք նպատակ ունենք ձևավորել անկախ դատական համակարգ, որը կգործի որպես իշխանության երրորդ ճյուղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել