1933 թվականին՝ Գերմանիայի ղեկավար դառնալուց հետո, Հիտլերի առաջին որոշումներից մեկը եղել է ժառանգական հիվանդություններ ունեցող երեխաների ծնունդը կանխարգելող օրենքը։ Այդ օրենքի ազդեցության տակ էին հայտնվում այն կանայք և տղամարդիկ, որոնք ունեին էպիլեպսիա, մտավոր հետամնացություն կամ շիզոֆրենիա։ Այդ ընթացքում շատ երկրներ նմանատիպ ամլացում էին անում մինչև 20-րդ դարի 80-ական թվականները, ինչը նրանց չէր խանգարում մնալ  ժողովրդավարության և քաղաքացիական ազատության հայրենիք։

Ռասայապես մաքուր Եվրոպա

Նացիստական Գերմանիայում, բացի հոգեկան հիվանդներից, ամլացման էին ենթարկվում նաև ժառանգական խլություն, կուրություն, ֆիզիկական շեղումներ, քրոնիկական ալկոհոլիզմ ունեցողները և հրեաներն ու գնչուները։ Գերմանիայում այս գործընթացի զոհ է դարձել, ընդհանուր առմամբ, 200-ից մինչև 500 հազար մարդ։ Ամլացման մասին որոշումը կայացնում էր հանձնաժողովը, որը կազմված էր երկու հոգեբաններից և դատավորից։ Սակայն միայն գերմանացիները չէ, որ հետաքրքրված էին եվգենիկայով։

Գնչուների ստիպողաբար ամլացում էր տեղի ունենում նաև Չեխիայում 1979-ից մինչև 1989 թվականներին։ Մինչև 1980-ական թվականների վերջը նմանատիպ վիրահատություններ են արվել նաև Շվեյցարիայում։ Օրենքի տակ էին հայտնվում մտավոր հետամնացները և գնչուները։ Սակայն եվգենիկայի ամենամեծ փորձն ունի Շվեդիան, որտեղ 1934-ից մինչև 1989 թվականները մարդկանց ստիպողաբար ամլացման էին ենթարկում: 

Միացյալ Նահանգներ՝ ամլացման հայրենիք

ԱՄՆ-ն առաջին երկիրն է, որը ամլացման մասին օրենք է ընդունել։ Տարբեր նահանգներում նման գործողություն են իրականացրել հոգեկան խանգարում ունեցողների, մտավոր հետամնացների, խուլերի, կույրերի և էպիլեպսիկների հանդեպ։ Ինդիանայում և Օհայոում հարբեցողներին արգելվում էր երեխան ունենալ, իսկ Վիրջինիայում և Նյու Հեմփշիրում տարբեր ռասաների ներկայացուցիչների միջև ամուսնությունը թույլատրվում էր միայն ամբողջական ամլացումից հետո։

1939 թվականին վիրահատության էր ենթարկվել ավելի քան 30 հազար քաղաքացի։ ԱՄՆ-ի կառավարությունը խրախուսում էր հնդկացի և սևամորթ կանանց ամլացումը։ Երբ վերջիններս տարբեր պատճառներով հայտնվում էին հիվանդանոցում, նրանց առանց զգուշացման ամլացնում էին։

Միայն Կալիֆոռնիա նահանգում 1909 թվականից մինչև 1964 թվականը վիրահատվել է ավելի քան 20 հազար մարդ։ Հյուսիսային Կարոլինայում 1973 թվականի դրությամբ ամլացվել էր 8 հազար մարդ։ ԱՄՆ-ում եվգենիկայի շրջանակներում ամլացման գործընթացը շարունակվել է մինչև 1974 թվականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել