Pastinfo.am-ը գրում է․

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի բողոքը ՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վիճարկվող որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա չէ։

Նշենք, որ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 27-ին բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով ամբողջությամբ կամ մասնակի բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին դատարանի նոյեմբերի 12-ի որոշումը եւ այն ուղարկել նոր քննության կամ ըստ անհրաժեշտության կայացնել նոր դատական ակտ։

Փաստաբանը վերաքննիչ բողոքում նշել է, որ դատարանն անուշադրության է մատնել ինքնաբացարկի միջնորդության մեջ վկայակոչված փաստական մի շարք հանգամանքներ և փաստարկներ, ուշադրությունը կենտրոնացրել է միայն այն հարցի վրա, թե ինչու է իր քննած մեկ այլ, թիվ ԵԴ/0088/01/16 քրեական գործով թույլատրելի համարել գրավը, իսկ սույն գործով իրենց վստահորդի նկատմամբ՝ ոչ: «Մինչդեռ կարևոր է ընդգծել, որ ներկայացված դիտարկումն արվել էր ոչ թե միայն Դատարանի կանխակալ մոտեցումն ապացուցելու, այլ տարբերակված մոտեցումը և անհամաչափ, անհավասար պայմանների նախատեսումն առավել ընդգծելու նկատառումներից ելնելով, քանի որ դատարանը չի կարող մեկ դեպքում դիտարկել հիմնավոր ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպից ամբողջությամբ շեղվելը և ՄԻԵԴ նախադեպով ղեկավարվելը, իսկ մյուս դեպքում՝ ոչ։ Դատարանը չի կարող մեկ դեպքում հղում անել Դ.Վարդանյանի նախադեպի վրա և դրա ՀՀ Սահմանադրության հակասող և անվավեր ճանաչվելուց հետո կրկին հղում տալ այդ նախադեպով արտահայտված դիրքորոշմանը»,- նշել է Ա.Վարդեւանյանը եւ ավելացրել. «նկարագրված իրավիճակում՝ նման անհիմն և չպատճառաբանված որոշման կայացման պայմաններում իմաստազուրկ է ակնկալել արդար դատաքննության ապահովման, մեր վստահորդի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության որևէ ողջամիտ երաշխիքների մասին, որպիսի պայմաններում պարզապես անհրաժեշտ է դառնում սույն հարցի քննարկումը վերադաս դատական ատյաններում»:

Ա.Վարդեւանյանի գնահատմամբ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը հիմնովին խախտում է օրենքի առջև հավասարության հիմնարար սկզբունքը, որպիսի պայմաններում կրկին անգամ հանգում ենք այն եզրահանգման, որ դատական ակտը ենթակա է բեկանման»:

Սույն բողոքի քննությունը դեկտեմբերի 4-ին մակագրվել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին, ով դեկտեմբերի 9-ին որոշել է այն թողնել առանց քննության։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին դատարանը մերժել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Խուդոյանի միջնորդությունը՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի մասին: Հովհաննես Խուդոյանը նշել էր, որ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը չի առաջնորդվում ո՛չ ՄԻԵԴ, ո՛չ ՀՀ Սահմանադրական դատարանի վերաբերելի նախադեպերով, սակայն նախկինում իր պրակտիկայում կիրառել է դրանք։ Ավելին, խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ոչ մի որոշում չի արժանանում պատշաճ պատճառաբանության և գործի փաստական հանգամանքների հետ համադրման, հիմնվում է մեջբերված նորմատիվային կարգավորումների վրա, որոնք որևէ կերպ չեն համընկնում և չեն արտահայտում որոշումների եզրափակիչ մասերում շարադրված դիրքորոշումներին։ Պաշտպանն ընդգծել էր, որ դատավոր Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի տվյալ գործի և, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել