168.am-ը գրում է․

«ՀՀ իշխանություններն առայժմ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տեսլական չեն ներկայացրել»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Նրա խոսքով՝ մենք պետք է հասկանանք, որ բանակցությունները Ղարաբաղի խնդրի շուրջ բաժանվում են հարցերի երկու կատեգորիայի, դրանցից մեկը, ըստ նրա՝ վստահության կառուցման խնդիրն է, որ կողմերն ավելի քիչ կրակեն միմյանց վրա, ավելի շատ վստահեն միմյանց, ընդհանրապես, ոչ միայն իշխանությունները, այլև ժողովուրդները, այսինքն՝ բարելավվի մթնոլորտը: «Սրանք խնդիրներ են, որոնք վերաբերում են վստահության կառուցման հարցին: Դրա մեջ են մտնում գերիների փոխանակման հարցերը, ռազմաճակատում լարվածության նվազեցման խնդիրները, գյուղատնտեսական աշխատանքների հեշտացումը ճակատային գոտում, և այլն: Բայց կա միգուցե ավելի կարևոր խնդիր, որը կապված է Ղարաբաղյան խնդրի լուծման բանաձևի հետ: Այսինքն՝ ինչ բանաձևով պետք է լուծվի Ղարաբաղյան խնդիրը: Սրանք փոխկապակցված, բայց, այնուամենայնիվ, տարբեր հարցեր են, և մենք պետք է հասկանանք, որ ստեղծված ավանդույթի համաձայն՝  Ադրբեջանը, բնականաբար, ավելի կենտրոնացած է բանաձևի և բովանդակային լուծման վրա, իսկ հայկական կողմն ավելի շատ կենտրոնացած է վստահության կառուցման խնդիրների վրա, բայց նաև սա ի՞նչ է նշանակում, որովհետև Ադրբեջանին ստատուս-քվոն չի բավարարում, և Ադրբեջանի դիրքորոշումը սա է, որ՝ կա՛մ պետք է բանակցություններով լուծենք խնդիրը, կա՛մ պատերազմով: Իսկ եթե վստահության կառուցման այդ միջոցառումները շատ խորանան՝ առանց բովանդակային լուծման, դա, փաստորեն, ինչ-որ իմաստով զրկում է Ադրբեջանին ռազմական  միջոցով խնդիրը լուծելու հնարավորությունից:

Հետևաբար՝ այսպիսի դինամիկա կա, պետք է ասեմ, որ մինչև հիմա հայկական կողմը բովանդակային քննարկումների մեջ, նկատի ունեմ՝ Փաշինյանի օրոք, թավշյա հեղափոխությունից հետո, չի մտել և դրա համար ունեցել է նաև որոշակի հիմքեր: Այդ հիմքերը կապված են այն հանգամանքի հետ, որ բանակցությունների այն ձևաչափը, որը ժառանգել էր Նիկոլ Փաշինյանը, իր հագով չէ: Ինքը ցանկանում է վերադարձնել այն ֆորմատը, որը ձևավորվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ:

Ընդ որում՝ Լևոն Տեր-Պետրոսյանին հեշտ չտրվեց այդ ձևաչափը ձևավորելը, որովհետև 1992 թվականին, երբ ԵԱՀԿ-ն սկսեց այդ խնդրին անդրադառնալ, դեռ ոչ ոք Ղարաբաղը չէր  ճանաչում՝ որպես հակամարտության կողմ, և բանակցությունները գնում էին Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, բայց երկարատև դիվանագիտական աշխատանքից և ռազմական հաջողություններից հետո 1994 թվականին հաջողվեց  հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց որպես  ինքնուրույն բանակցող և հակամարտության կողմ ԵԱՀԿ-ի հայտնի գագաթաժողովի ժամանակ, ինչը ես համարում եմ մեր ամենամեծ նվաճումը, քանի որ դրա շնորհիվ Լեռնային Ղարաբաղը մեկ  քայլ առաջ արեց դեպի իր անկախության միջազգային ճանաչում:

Ցավոք սրտի, գիտեք, որ այդ նվաճումը վիժեցվեց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողմից, իրենք օգտագործեցին իրենց ղարաբաղցի լինելու դիրքը: Կոպիտ ասած, իրենց մեսիջը միջազգային հանրությանը եղել է հետևյալը՝ այդ խաղը, որ խաղում էր Տեր-Պետրոսյանը, որ ինքը ներկայացնում է Հայաստանը, մենք ներկայացնում ենք Ղարաբաղը, դա ընդամենը դիվանագիտական խաղ էր, լուծել կարող ենք միայն մենք՝ ղարաբաղցիներս, բայց դրա համար պետք է ունենանք իշխանություն Հայաստանում և այդ դեպքում կկարողանանք ներկայացնել միաժամանակ Ղարաբաղի տեսակետը: Իհարկե, շատ երկար ժամանակ  նրանց հաջողվեց միջազգային հանրությանը նման  դիվանմագիտական խաղով խաբել»,-  նման տեսակետ հայտնեց Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այլ ելք չունի, քան վերադառնալը Տեր-Պետրոսյանի առաջարկած ֆորմատին, և դրա համար ունի լուրջ հիմքեր: Լ. Զուրաբյանը նշեց, որ այդ պատրվակով Նիկոլ Փաշինյանը կարողանում է բովանդակային բանակցությունների մեջ չմտնել, սակայն դա չի կարող երկար շարունակվել, որովհետև, ի վերջո, բանակցությունները պետք է առաջ գնան, և բանակցությունների գործընթացի դադարեցման մեջ ոչ ոք շահագրգռված չէ, և բանակցությունները չեն կարող լինել միայն վստահության կառուցման միջոցների մասին, քանի որ դա ունի ժամանակային սահմանափակում:

«Արդյո՞ք ՀՀ իշխանություններն ունեն տեսլական, բազմիցս ասել եմ, որ առայժմ որևէ տեսլական չեն ներկայացրել: Այն հայտարարությունը, որը հրապարակվեց Զոհրաբ Մնացականյանի կողմից, ոչ թե տեսլականն էր, այլ ավելի շատ՝ կարմիր գծերի թվարկում, որ սրանից ցածր չենք իջնի, բայց թե կոնկրետ ինչպես  են պատկերացնում լուծումը, դրա մասին Հայաստանը դեռ չի ներկայացրել իր տեսլականը»,- ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ փոխնախագահի դիտարկմամբ՝ ամենամեծ սխալը, որը կարող է անել իշխանությունը, ԼՂ հակամարտության բանակցությունների ժամանակ տեսլական չներկայացնելն է, որովհետև, նրա պնդմամբ՝ ավելի լավ է, որ դա լինի անգամ մաքսիմալիստական, չընդունվող հակառակ կողմի կամ միջնորդների կողմից, բայց այն լինի, որպեսզի տեսնեն՝ ինչի ես ձգտում, ինչ ես ուզում ստանալ, կարող է և չստանաս, բայց այդ տեսլականն ունենալը, ըստ նրա՝ թույլ է տալիս հասկանալ՝ ինչի համար ես պայքարում, միացնել բոլոր  դիվանագիտական միջոցները և փորձել կամաց-կամաց գնալ դեպի բաղձալի նպատակը՝ մեկ, և երկրորդը՝ դա նաև ցույց է տալիս միջազգային հանրությանը քո կառուցողականությունը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի այն դիտարկմանը, որ իրենց քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել, և այդ ստուգումները կարող են վերաբերել 90-ականներին, ընդհուպ մինչև 1991 թվականին, Լ. Զուրաբյանն ասաց, որ շատ բարձր  է գնահատում այդ որոշումը: «Շատ հետաքրքիր է, որևէ հանցագործություն, որևէ օրինախախտում, բնականաբար, իշխանության պարտականությունն է՝ բացահայտել, պատժել մեղավորներին՝ անկախ նրանից, թե որ ժամանակաշրջանում է դա կատարվել»,- ասաց նա:

Հարցին, թե իր նախկին թիմը, շրջապատը մտահոգվելու առիթ չունի՞, Զուրաբյանն արձագանքեց՝ ասելով, որ մտահոգվելու առիթ կարելի  էր ունենալ, եթե լիներ որևէ կոնկրետ մեղադրանք: «Որևէ կոնկրետ մեղադրանք  գոյություն չունի, և ես վստահ եմ, որ չի էլ լինի»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը:

Նա շեշտեց, որ ոչ ոք օրենքից բարձր չէ՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Էդուարդ Աղաջանյանը, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ այնտեղ հարցեր դեռ չկան, թեև մենք կցանկանայինք լսել՝ ինչ հարցեր են, այսօրվա վերաբերյալ հարցեր կան»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ բազմիցս հարցրել են ներկայիս իշխանություններին, թե ինչ վիճակում է գտնվում թալանված փողերի հետբերման խնդիրը, ԶԼՄ-ները ևս դիմել են, սակայն որևէ հստակ պատասխան չկա: «Երբ վարչապետը դա ասում է մի ժամանակաշրջանի վերաբերյալ, երբ որևէ քրեական գործ չունի, դա անպատասխանատվություն է, դատարկախոսություն է, չգիտեմ էլ՝ ոնց որակեմ դա, և դա երկրի ղեկավարի պրեստիժին ոչինչ չի ավելացնում, իրականում նվազեցնում է»,- ասաց Զուրաբյանը:

Նա նշեց, որ  կցանկանար, որպեսզի 1991 թվականի մասին էլ շատ կոնկրետ խոսեն, քանի որ, Լ. Զուրաբյանի որակմամբ, այն, ինչ ինքն է ասում, շատ կոնկրետ է:

«Երբ Փաշինյանը հայտարարում է, որ 30 տարվա ընթացքում  իշխանությունն ընկալվել է՝ որպես թալանչի, և այլն, այս հարցը դառնում է շատ կարևոր հարց, ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործիչ կարող է նման հայտարարություն անել»,- ասաց Լ. Զուրաբյանը՝  նկատելով, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը կարող է կոնկրետ ապացույցներ չբերել, բայց ոչ՝ երկրի ղեկավարը:

Նա շեշտեց. «Երկրի ղեկավարն իրավունք չունի խոսել այլ կերպ, քան ապացույցներով»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել