168.am-ը գրում է.

Յուրաքանչյուր իշխանություն դատապարտված է ձախողման, եթե կտրվում է իրականությունից, իսկ այն իշխանությունը կամ իշխանության ներկայացուցիչները, ովքեր գերագնահատում են իրենց քաղաքական դիրքը՝ մնացած քաղաքական ֆիգուրներին հայացք գցելով վերևից, սա խոսում է այն մասին, որ այդ իշխանության քաղաքական կյանքի օրերը հաշված են։

Վերջին օրերին ՀՀ գործող իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, հնարավոր հարթակն ու հարցազրույցն օգտագործելով, անընդհատ խոսում են իրենց «ժողովրդի կողմից ստացած առաջնային մանդատի», «70 տոկոս լեգիտիմության» ու նման այլ պոպուլիստական թեզերի մասին։

Ու հատկանշական է այն, որ դա նրանք անում են խելակորույս՝ էյֆորիայի թմբիրի տակ ընկած, մոռանալով, թե իրականում ովքեր են իրենք և ինչպես են հայտնվել իշխանության բուրգում և ում են դրա համար պարտական։ Անընդհատ շրջանառելով ընտրություններում 70 տոկոս քվե ստանալու փաստը՝ իշխանությունները չեն գիտակցում, որ դրանով իրենք ևս մեկ անգամ վերահաստատում են այն սոսկալի բեռը, որի տակ կքած են իրենք, քանի որ երկրում տիրող ողջ քաղաքական թիվ մեկ պատասխանատվությունն ընկած է հենց իրենց ուսերին, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի ուսերին։

Ուղիղ մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ-ում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում խորհրդարանական մեծամասնությունը, սպասվածի պես, կազմեց իր «թավշյա» խմբակցությունը: Տրամաբանության համաձայն, ինչպես ընդունված է նորմալ ընտրական գործընթացում, այս ընտրությունների ժամանակ ևս իշխանությունների կողմից հնչեցին նախընտրական բազմաթիվ «ոսկյա» ու «թավշյա» խոստումներ, միևնույն ժամանակ, իր նախընտրական ծրագրում «Իմ քայլը» հետաքրքիր անցում էր արել՝ ֆիքսելով, որ «արդեն իսկ կատարել են հպարտ քաղաքացիների առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, քանի որ իրականություն են դարձրել թավշյա հեղափոխությունը և ձերբազատել են վերջիններիս նախկին թալանչի ռեժիմից»: Այս ամենի հետ մեկտեղ՝ Փաշինյանի կողմից տրված մյուս պոպուլիստական՝ ականջահաճո խոստումների թեկուզ մի փոքր մասն իրականացնելու համար մեկ տարին բավական մեծ ժամանակահատված է:

Այժմ հասկանանք՝ ո՞ր խոստումներն են կատարվել, և որո՞նք, ինչպես ասում են՝ «գրվել սառույցին»: Հենց այդ քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ու իր թիմը հստակ չէին ասում, թե իշխանության գալուց հետո ինչ անգրագետ ու անհեռատես քայլեր են անելու, ինչ քաղաքականություն են վարելու։ Եվ հենց այս մանիպուլյացիայի շնորհիվ է, որ իմքայլականները ստացան իրենց «70 տոկոսը»։ Նրանք իրենց ձայները ստացել են ոչ թե անել-չանելու համար, այլ զուտ նրա համար, որ Փաշինյանի կողքին էին։ Իսկ Փաշինյանը, չմոռանանք, որ հայ քաղաքական  պատմության մեծագույն պոպուլիստն ու ամբոխահաճ կերպարն է։

Ուղիղ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ ռազմական բյուջեին գալիք 5 տարում ևս 2.5 մլրդ դոլարով կավելանա: Այսինքն, տրամաբանական էր ակնկալել, որ 2020թ.  բյուջեն մոտ կես միլիարդ դրամով ավելի պիտի լիներ: Բայց 2020թ. բյուջեի նախագծով նախատեսված է համարյա նույն գումարը, որքան 2019-ին էր նախատեսվել: Եթե հիշենք, թե ինչ ելույթներ էր ունենում Փաշինյանը խորհրդարանական սեզոնին և ինչ թիրախներ էր ընտրել իր համար, ապա ներկայումս բոլորս բախվում ենք լրիվ այլ իրականության:

Իր հայտնի ելույթներից մեկում, ինչպես բնորոշ է բոլոր «կլասիկ» պոպուլիստներին, նա հայտարարել էր․ «Հայաստանի նոր իշխանությունը պետք է ների գյուղատնտեսության և սպառողական վարկերի բոլոր տույժ-տուգանքները: Սաշիկի արագաչափերի բոլոր չվճարված տուգանքները պետք է զրոյացվեն, որովհետև դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը: Տնտեսական հարաբերությունները պետք է էական փոփոխությունների ենթարկվեն: Մի ժամանակ ես ասել եմ, որ ՀՀ-ում բանանի մենաշնորհը վերացնելու համար 45 րոպե է պետք, հիմա ասում եմ, որ շաքարավազի մենաշնորհը կոտրելու համար 15 րոպե է պետք, դրա համար, գիտե՞ք՝ ինչ է պետք անել, զանգել «Քարֆուր» ընկերության տնօրենին և ասել՝ ձեզ վրա դրված արգելքը հանվել է: Հայաստանում ներդրումներ չի լինելու, քանի դեռ Սաշիկի գործոնը, որպես տնտեսական գործոն, չի վերացել: Մեր խնդիրն է՝ վերացնել այդ գործոնը: Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն»:

«Թավշյա» վարչապետի կողմից հնչեցրած կետերին մանրակրկիտ անդրադառնալու կարիք չկա, քանի որ բոլորն են ականատես լինում, որ արագաչափերը ոչ թե հանվել են, այլ հակառակը՝ ավելացել են, իսկ արագաչափերի տուգանքները չեն զրոյացվել, հատուկ կառավարության որոշումով ներվել են նախկինից կուտակված տույժերը, որոնք առաջացրեցին օրինապահ տուգանքները վճարողների արդարացի դժգոհությունը։

Վարկային տույժ-տուգանքները ներելու մասին Փաշինյանի հայտարարություններն ուղղակի բառախաղ են և դեմագոգիա։ Դե, իսկ «Սաշիկի գործոնի» գինն էլ հայտնի է բոլորիս՝ 18,5 մլն դոլար։ Միաժամանակ, այդպես էլ իշխանափոխությունից մեկ տարի անց չպարզվեց՝ Սաշիկը, ի վերջո, իրո՞ք գործոն էր, թե՞ ոչ։ Համենայնդեպս, այդպիսի որևէ ապացույց չներկայացվեց հանրությանը։ Որոշ դեպքերում էլ, օրինակ՝ արագաչափերի մասով, իսպառ հերքվեց այդ գործոնը: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի գնին, այն մնաց նույնը, ավելին՝ արդեն հստակ խոսվում է այն մասին, որ ապրիլին ՀՀ ներմուծվող սպառողական գազի գինը կբարձրանա։ Թե ինչ վիճակում է այսօր գյուղատնտեսությունը, կարող են վկայել վիճակագրական ողբալի ցուցանիշները:

Բանանի մենաշնորհ, պարզվեց, չի էլ եղել, ներմուծողների քանակը մի քանի ընկերությունից առաջ չգնաց, իսկ բանանի գնի էժանացումը տևեց 8 ամիս, այնուհետև բարձրացավ՝ հավասարվելով մինչ իշխանափոխության ժամանակվա արժեքին:

Շաքարավազի շուկայում մնաց նույն գերիշխող վիճակը, որը կար նախկինում:

Անդրադառնալով Փաշինյանի քաղաքական հայտարարություններին ու խոստումներին՝ ներկայացնենք մեկ այլ հայտարարություն՝ «Հայաստանը ևս հակամարտության կողմ է և լիարժեք կխոսի իր անունից: Ես պատրաստ եմ ՀՀ անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս Արցախի նախագահի»:

Փաշինյանը քանիցս հանդիպել է Ալիևի հետ և բանակցել Արցախի հարցի շուրջ, սակայն այդ հանդիպումներից ոչ մեկի ժամանակ հանրությունը չի տեսել բանակցային սեղանի մոտ նստած Բակո Սահակյանին կամ Մասիս Մայիլյանին։

Ավելին, ՄԽ համանախագահների Բրատիսլավայի հայտարարության մեջ ակնարկներ կային նաև այն մասին, որ Արցախի՝ բանակցություններին մասնակցելու մասին նրանց օրակարգում ընդհանրապես գոյություն չունի։ Նրանք անգամ թեթև ակնարկել էին՝ զերծ մնալ բանակցություններին խոչընդոտող հայտարարություններ անելուց։ Միանշանակ ներկայացվածն այն մի քանի փոքր օրինակներն են, որոնք ի ցույց են դնում այս իշխանությունների տված և կատարած խոստումների տարբերությունը, ինչը վկայում է նրանց ապիկարության ու անմեղսունակության մասին։ Հստակ պետք է ֆիքսենք, որ ընտրություններից ուղիղ մեկ տարի անց նախընտրական շրջանում արված խոստումների, հայտարարությունների զգալի մասը Փաշինյանն ու իր «գվարդիան» չեն կատարել, իսկ կառավարության կողմից կատարած քայլերի մի մասն իրենց տված խոստումներին տրամագծորեն հակառակ քայլերն են։ Փաստն այն է, որ այսօր իշխանությունների վարած քաղաքականությունը որևէ հույս չի ներշնչում, ինչը վկայում է, որ երկրում ստեղծված պատային իրավիճակը մոտ ապագայում կարող է կտրուկ փոխվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել