20-րդ դարասկզբին աշխարհում երեք գաղափարախոսություն կար՝ կոմունիզմ, կապիտալիզմ և ֆաշիզմ: 1945 թվականին Երկրորդ աշխարհամարտը վերջ դրեց ֆաշիզմին: Աշխարհը վերջնականապես ու պաշտոնապես ֆաշիզմը համարեց չարիք: Այս գաղափարախոսության գլխավոր իմաստն այն էր, որ աշխարհը պետք է կառավարի էլիտան:

1991 թվականին Խորհրդային միության փլուզումով պարտվեց նաեւ սոցիալիզմի գաղափարախոսությունը: Ճիշտ է, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան սոցիալիստական երկրներ են, սակայն բովանդակային առումով այդ երկրներն ավելի կապիտալիստական են, քան սոցիալիստական: Այս գաղափարախոսության իմաստն այն էր, որ հասարակության մեջ բոլորը հավասար են, իսկ աշխարհը պետք է կառավարեն ամենից շատ աշխատողները:

Այս երեք գաղափարախոսություններից ամենաերկարակյացը կապիտալիստականն էր, որը առաջին հայացքից գոյություն ունի, սակայն բովանդակային առումով 90-ականների սկզբից դադարել է կենսունակ լինելուց: Հիմա գոյություն ունեն դեմոկրատական-իսլամական, դեմոկրատական-սոցիալիստական, դեմոկրատական-բռնատիրական երկրներ:

Հիմա աշխարհը որոնումների մեջ է: Հռոմի Պապի, Թրամփի ու մյուս պոպուլիստների ընտրությունը հենց դրա մասին է վկայում, որ աշխարհը նոր սիստեմի որոնումների մեջ է: Հենց այդ պատճառով աշխարհը գնում է հետ, փորձում է սկսել նախորդ դարասկզբից ու նոր սիստեմ գտնել, բայց դեռեւս ոչ մեկի մոտ դա չի հաջողվում:

Չունենալով այլընտրանք՝ հետխորհրդային երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, ընտրեցին դեմոկրատական սիստեմը և մեր իմացած Gelenvagen-ի վրա դրեցին «Вилис»-ի շարժիչ: Քանի որ Հայաստանի ունեցած միակ մեքենան «Երազն» էր, Հայաստանը ընտրեց «24-10»-ի շարժիչը, որի վրա մի հատ էլ գազ դրեցին ու լավից վատից, քչից շատից մեր սարերը բարձրանում էին: Դրսից նայողները Gelenvagen էին տեսնում, ներսից էլ մենք գիտեինք մեր 24-ի զորությունը (մի բան չէր), բայց, ինչպես ասում են, ոտքներս գետնից կտրում էր:

2018-ի քաղաքական իրադարձություններից հետո եկավ Նիկոլ Փաշինյանն ու հայտարարեց, որ իրենք պատրաստվում են Gelenvagen-ի վրա Mercedes-Benz-ի 5.5 լ շարժիչ տեղադրել: Հետո, երբ իշխանությունն ստացավ, պարզվեց ո՛չ շարժիչի գումարը կա, ո՛չ շարժիչը կա, ու որ լինի էլ, այլանդակ ծախսատար է: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի՝ հերթական պոպուլիստի իշխանության գալով մենք էլ ընկանք համաշխարհային որոնումների մեջ:

Հիմա մեր փրկությունը համաշխարհային տենդենցներն են․ որքան արագ աշխարհը կգտնի նոր սիստեմ, այնքան արագ կկարողանանք ազատվել պոպուլիստներից ու ստախոսներից: Սեփական արտադրության նոր գաղափարախոսության առաջ գալուն նույնքան չեմ հավատում, որքան Հայաստանում High level ջիփերի արտադրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել