168.am-ը գրում է.

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր իր ելույթում անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն ելույթին, որ կան ավերակ վիճակում գտնվող դպրոցներ, իշխանությունը փող չունի այդ դպրոցները վերանորոգելու համար, սակայն հարկատուների վճարած հարկերից 650 միլիոն դրամ է առաջարկում տալ Սահմանադրական դատարանների դատավորներին՝ նրանց վաղ կենսաթոշակի ուղարկելով։

«Այո՛, դպրոցներն այդ վիճակում են, իսկ ինչու են այդ վիճակում, արդեն 30 տարվա անկախություն ունենք, այդ վիճակում են, որովհետև դուք Հանրապետականի հետ այստեղ նստած, կնոպկա եք սեղմել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ըստ Սիմոնյանի՝ իրենք այդ դպրոցները կվերանորոգեն, ինչպես վերանորոգել են ճանապարհները և «լուծել» բանակում առկա խնդիրներ։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հարկատուներն իրենց տվել են 71 տոկոս ձայն և ասել  են՝ գնացեք ու ամեն ինչ փոխեք։

«Ասել են՝ գնացեք, սաղ փոխեք, հիմա էլ մեզ մեղադրում են ու ասում են՝ ավելի արագ փոխեք, վստահեցնում եմ ավելի արագ փոխելու ենք, ու ոչ միայն այդտեղ, այլ բոլոր տեղերում։ Այն թերմացքը, որը մնացել է նախկինում, այո, թերմացք, փոխելու ենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

«Հերիք է գաք, էս ամբիոնից՝ միկրոֆոններ ծռեք, որ յութուբում  հայտնվեք, ի՞նչ ուզում եք, արեք, մարդը զգում է, երբ դիմացինն իրեն խաբում է»,- նման ժարգոնային բառապաշարով ԱԺ ամբիոնից հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ կրկնելով՝ ՀՀ-ում կա ճգնաժամ և «Իմ քայլը» լուծելու է այդ հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել