Aravot.am-ը գրում է․
Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երկրաշարժի զոհերի հիշատակին Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու մասին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հնչեցրած քննադատությունը դարձել է ծեծկռտուքի թեմա։ Քոչարյանականները, պատգամավորի ասելով, ծեծել են իր ընկերոջը՝ հաշիվ պահանջելով նրանից ու նրա միջոցով սպառնացել նաև իրեն։
Քիչ առաջ պատգամավորը գրառում էր կատարել՝ հայտնելով, որ դիմել է ոստիկանություն։
Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը տեղեկացրեց, որ միջադեպը տեղի է ունեցել Գյումրու Անի թաղամասում գտնվող «Ջավախք» խանութի դիմաց՝ կենտրոնական վայրում, որտեղ եղել են նաև տեսախցիկներ։
«Իմ ընկերը կուսակցական չէ, քաղաքականությամբ չի զբաղվում, այսքան ժամանակ որևէ կուսակցության անդամ չի եղել, առևտրական է, իր առևտրով է զբաղվում, մեքենաների պահեստամասեր է բերում, վաճառում։
Անի թաղամասում Սախարովի հրապարակում գտնվող «Ջավախք» խանութի դիմաց է եղել միջադեպը, կենտրոն տեղ է, որտեղ տեսախցիկներ կան։ Ասեմ, որ միջադեպի ժամանակ Կարապետը (ի նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահի համակիրներից մեկին, Ա․ Ն․) մասնակից չի եղել, Կարապետն օրվա ընթացքում մարդկանց է գնացել, տեսել, զանգել։ Ես էլ առաջարկել եմ իրեն գրանցվել, գալ գրասենյակ, երբ քաղաքացիների ընդունելության օր կլինի։ Երևի ծանր են տարել այդ հանգամանքը ու որոշել են նախկին մեթոդներով հարցեր պարզել։ Ոստիկանությունը զբաղվում է, ես անձամբ հետևողական եմ լինելու մինչև վերջ»,-ասաց Կարեն Սարուխանյանը։
Պատգամավորը, անդրադառնալով Կարապետի՝ մեզ տված այն պարզաբանմանը, թե «Գյումրիում կա 700 հատ Կարո, երևի մի 300 հատ էլ Շեկո, ո՞ւմ մասին է խոսքը, եթե Կարեն Սարուխանյանը հստակեցրեց, անուն-ազգանուն տվեց, համարժեք պատասխան կտանք», ասաց․ «Ես, իհարկե, կարող եմ հստակեցնել անուն-ազգանունները՝ խոսքս Պողոսյան Կարապետի ու Շեկոյի՝ Գարիկ Ուզունյանի մասին է»։
Հիշեցնենք, որ Կարեն Սարուխանյանը քիչ առաջ գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով․ «Գրառում էի կատարել դեկտեմբերի 7-ին Քոչարյանի կողմից ուղարկած ծաղկեպսակի հետ կապված։
Երեկ` օրվա ընթացքում, Գյումրիում բնակվող Շեկո մականվամբ մեկը և Կարո անունով մյուսը, մի քանի անգամ փորձել են տարբեր ընկերներիս միջոցով հանդիպել ինձ հետ՝ թե բա «խոսելու բան կա»։ Հետո իմացել եմ, որ ուզել են ինձ ներկայացնել, թե իրականում իբր ծաղկեպսակը դողալով չեն տարել, բարձր գլխով են տարել և դուխները տեղը…
Ինչևէ, հանդիպումների փորձին պատասխան եմ ուղարկել, որ կարող են հանդիպել քաղաքացիների հետ կազմակերպվող հանդիպման ֆորմատով՝ մեր գրասենյակում։
Իրեն, երևի, չբավարարված զգալով՝ այսօր գիշեր ժամը 1-ի մոտակայքում Շեկո մականվամբ երիտասարդն ու էլի մեկը, նախապես հետևելով ինձ ու ընկերոջս, սպասել են, որ նա ինձ տուն իջեցնի ու մնա մենակ, Գյումրու Անի թաղամասում մոտեցել են նրան։ Հարցրել են՝ Սարուխանյանը քո ի՞նչն է, ընկերս պատասխանել է՝ ընկերս է․ դրանից հետո սրանք սկսել են խփել ընկերոջս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Որպես վերջաբան էլ սպառնացել են, թե՝ գնա ու Կարենին փոխանցիր, որ հաջորդն ինքն է լինելու…
Բնականաբար, այս դեպքի հետ կապված կա տրված հաղորդում Գյումրու ոստիկանության «Մուշ»-ի բաժնում։ Բայց ի լրումն սրա ասեմ՝ հարգելի շեկո ու նմանատիպ գոյացություններ, բախտներդ ուղղակի բերել է, որ կարգավիճակս, ցավոք․ թույլ չի տալիս ձեզ համարժեք պատասխան տալ։ Գործը պետք է քննվի օրենքի շրջանակում, ինչին, ակնկալում եմ, կհետևի համաչափ պատիժ»։
Պատգամավորն ավելի վաղ գրել էր․ «Այսօր հրապարակումներ եղան, որ երկրորդ նախագահը ծաղկեպսակ է ուղարկել երկրաշարժի զոհերի հիշատակին։
Ես չեմ տեսել, բայց պատկերացնում եմ այն մարդկանց դեմքերն ու մարմինների դողը՝ այդ պսակը տեղ հասցնելու ընթացքում…
Չեմ ցանկանում ոչ մեկին, բայց սա Գյումրին է, սա Ձեր ցանած ու վարած պիցցայի արտերը չեն, տղերք, սա Գյումրին է, Գյումրեցին պատժել գիտե, Գյումրիում պարզճակատ քայլելու համար պետք է վաստակես, Գյումրու տարիների ցավը պետք է փաստերով կիսես, ոչ թե պսակով»։