168.am-ը գրում է.

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշեց բավարարել մեղադրող կողմի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատախազ Գևորգ Բաղդասարյանը  դատավորի ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոններ, որոնք կարող են  անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ:

Մեղադրողի կարծիքով՝ դատավոր Պապոյանն այս գործի քննության ընթացքում կողմնակի դիտորդի մոտ չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։

Մասնավորապես, դատախազը հղում արեց 2019-ի մայիսի 21-ին Armlur.am կայքի մի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում եղել է Մխիթար Պապոյանը»։ Եվ քանի որ այդ հրապարակման մասով Մխիթար Պապոյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, Բաղդասարյանի խոսքով՝ այդ հանգամանքները բացառում են դատավորի մասնակցությունը տվյալ գործին։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի կարծիքով՝ «կողմնակի դիտորդ» հասկացությունն իրականում եվրոպական իրավունքից են վերցրել:

«Եվրոպական կոնվենցիայում կա նախադեպային դրույթ, որն ասում է՝ էական չէ, թե իրականում կանխակա՞լ է, թե՞ ոչ, դատավարության մասնակցի տպավորությունը, որ դատավորը կարող է կողմնակալ լինել, արդեն սկզբունքորեն կարող է բավարար լինել ինքնաբացարկ պահանջելու համար, կամ մեղադրելու, որ դատավորն անաչառ չէր: Այսինքն՝ Պապոյանն իր որոշումը կայացնելիս հիմնվել է տպավորության վրա»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ իրավաբանության մեջ նման հիմք կա ինքնաբացարկի:

168.am-ի այն հարցին, թե վտանգ չկա՞ արդյոք, որ սա կարող է նախադեպային լինել, որ յուրաքանչյուր նման գրառումից հետո դատախազները կարող են, ենթադրենք, իրենց համար ոչ ցանկալի դատախազի համար ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, միջազգային իրավունքի մասնագետն ասաց.

«Դրա համար գործում է ինքնաբացարկի, ոչ թե բացարկի ինստիտուտը, այսինքն՝ ի վերջո, դատավորն է որոշում: Նախկինում կար համակարգ, որ այլ դատավոր էր որոշում, ասենք՝ դատարանի նախագահը»:

Վերջինս հիշում է, որ ժամանակին ինքն ու Արտակ Զեյնալյանը Սահմանադրական դատարանում վիճարկել են այն հանգամանքը, որ անձը չի կարող իր դատավորը լինել, «այսպես կոչված», և նույնիսկ հոգեբան էին ներգրավել այդ գործում, սակայն ՍԴ-ն մերժել է իրենց՝ ասելով, որ՝ ի՞նչ է, անձը կարող է իր իսկ գործի վերաբերյալ ոչ թե կանխակալ, այլ անկանխակալ, օբյեկտիվ կարծի՞ք արտահայտել:

«Ուստի ինքնաբացարկի ինստիտուտը ընդունված է, այն չի հակասում որևէ կարևոր սկզբունքի»,- նկատեց փաստաբանը:

Մեր հարցին, թե դատավորը, այնուամենայնիվ, ինչո՞ւ տեղի տվեց, Արա Ղազարյանն ասաց, որ ինքը չէ այդ հարցի հասցեատերը:

«Չեմ կարող իմանալ՝ ինչո՞ւ: Կարևոր է տեսնել նաև որոշման պատճառաբանական մասը, բայց սկզբունքը պարզ է: Կիրառել է օբյեկտիվ դիտորդի կամ, ինչպես այլ կերպ ասում են, ողջամտության իրավունքի ձևակերպումը: Այսինքն՝ գնահատվում է ոչ թե իրականությունը, այլ դրա հավանականությունը: Նման մոտեցում կա իրավաբանության մեջ: Չես կարող ասել, որ դա անարդարացի է»,- եզրափակեց Արա Ղազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել