ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել «Գետափ» ռեստորանային համալիրի բակում գլխի շրջանում հրազենային վնասվածքով շուն հայտնաբերելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը 2019 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 13:15-ի սահմաններում, «Գետափ» ռեստորանային համալիրի բակում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ իրեն ամրակցված «ՏՕԶ»-16 մոդելի որսորդական ակոսափող հրազենով կրակել է շան գլխի հատվածին, որը հանգեցրել է կենդանու մահվան:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել