Կլիմայագետների միջազգային խումբը պարզել է, որ այս տարի CO2-ի մարդածին արտանետումների քանակն աճել է հարաբերականորեն ոչ մեծ չափով՝ ածխի համաշխարհային սպառման մակարդակի խիստ նվազեցման եւ հանածո վառելիքի ավելի արդյունավետ աղբյուրների անցնելու պատճառով: Նրանց եզրակացություններն ու կանխատեսումները հրապարակված են Nature Climate Change հանդեսում։
Էքսետերի համալսարանից (Մեծ Բրիտանիա) կլիմայագետ Պիեռ Ֆրիդլինգշթայնը եւ նրա գործընկերները պատրաստել են այն բանի առաջին նախնական գնահատումները, թե ընթացիկ տարում որքան շատ ածխաթթվական գազ են արտանետել բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, ավտոմոբիլները, անտառային հրդեհները եւ մարդկային քաղաքակրթության մյուս «արգասիքները»:
Նրանց չափումներն ու հաշվարկները ցույց են տալիս, որ համաշխարհային հանրակցությանն առայժմ չի հաջողվել նվազեցնել արտանետումները, հաջողվել է սոսկ փոքր-ինչ նվազեցնել դրանց աճի տեմպերը: Ամբողջությամբ վերցված՝ դրանց ծավալը կազմել է շուրջ 36,8 միլիարդ տոննա ածխաթթվական գազ, ինչը 0,6 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի, եւ 4 տոկոսով ավելի, քան Փարիզի համաձայնագրի ստորագրման պահին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: