Hotnews.am-ը գրում է․

Դեկտեմբերի 6-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեն կասեցրեց 7 ՀԿ-ների անդամակցությունը։ Ֆուտբոլով հետաքրքրվողների մոտ մեծ արձագանք առաջացավ։ Կասեցված կազմակերպությունների թվում էր Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամը։ Մեզ հաջողվեց զրուցել այս կազմակերպության ղեկավար Արտաշես Կազարյանի հետ։ Նա այս որոշման հետ կապված ասաց հետևյալը.

– Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամը հիասթափված և վրդովված է դեկտեմբերի 6-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեի կայացրած որոշումից: Մեր կարծիքով այս որոշման հիմքում ընկած է կողմերին բաժանել յուրայինների և ոչ յուրայինների սկզբունքը: Դա անընդունելի է, հատկապես մեր կազմակերպության դեմ, որը 2004 թվականից ի վեր կանգնած է հայկական ֆուտբոլային ընտանիքի կողքին: Մեր կազմակերպությունը աջակցել է Հայաստանի առաջնության մասնակից թիմերից շատերին, բազմաթիվ անգամ օգնել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին՝ կազմակերպելով նրանց վիրահատությունները արտերկրում և վերականգնողական գործընթացը:

Բարեգործական սկզբունքներով աջակցել ենք մանկապատանեկան ֆուտբոլին, իսկ վերջինը եղել է այս տարվա նոյեմբեր ամսին: Կարծում ենք, որ ՀՖՖ Գործադիր Կոմիտեի որոշումը բխում է որոշ ուժերի անձնական շահերից: Բոլորը գիտեն, որ ես լավ և երկարամյա ընկերական հարաբերություններ ունեմ ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանի հետ։ Հիմնադրամի ստեղծման պահից մենք հովանավորում ենք Լոռի ՖԱ-ի ակադեմիան։ Հավանաբար Հ ՖՖ-ում կարծում են, որ իմ ղեկավարած կազմակերպությունը պետք է ձայնը տա Թովմաս Գրիգորյանին, ուստի այս կերպ մեզ զրկում են ընտրության հնարավորությունից: Օրինական բոլոր միջոցներով պայքարելու ենք մեր ձայնի վերականգման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել