«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, պարզվում է, էքստրասենսի հատկություններ ունի։ Բրուտյանը վարչապետին իր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացրել ավելի վաղ, քան գործուղման մեկնելը։ Իր հաշվետվությունում, որը պետական պաշտոնական փաստաթուղթ է, Բրուտյանը ներկայացրել է, թե ինչ արդյունքներ է տվել 2019 թվականի հոկտեմբերի 10-12-ը Մոսկվայում պետական գնումների հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստին իր մասնակցությունը, թե ինչ հանդիպումներ է ունեցել, ինչ հարցեր են քննարկվել, ինչ որոշումներ են ընդունվել և այլն։

Սակայն Բրուտյանը այս ամենը գրել է հոկտեմբերի 4-ին՝ 6 օր ավելի շուտ, քան այդ ամենը տեղի կունենար։ Ընդ որում՝ Բրուտյանը հաշվետվության մեջ ամեն ինչ ներկայացնում է որպես արդեն իսկ կատարված փաստ, օրինակ՝ ․ «Աշխատանքային խմբի նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ փորձագետների մակարդակում շարունակել համապատասխան կարգավորումներ սահմանող փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքները»,- իր հաշվետվության մեջ գրում է փոխնախարարը։

Արդյունքում` 2 տարբերակ կարելի է քննարկել․ կա՛մ պետական պաշտոնական փաստաթղթում սխալ կա, և այն կազմողները, մեղմ ասած, անլուրջ և անփույթ են վերաբերվում այդ փաստաթղթերին, կա՛մ ֆինանսների փոխնախարարը իսկական «Նոստրադամուս» է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել