168.am-ը գրում է․

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացվել է խանութ, որտեղ գնումները կատարվում են կառավարվող ռոբոտ-ավատարի օգնությամբ: Խանութի գործարկու ընկերությունը, որը Ճապոնիայում խոշորագույն ավիափոխադրողներից մեկն է՝ All Nippon Airways (ANA)-ը, հավաստիացնում է, որ այսօրինակ խանութն առաջինն է աշխարհում։

ANA-ի տվյալներով՝ խանութը դեկտեմբերի 5-ից 24-ը թեստային ռեժիմով կաշխատի մայրաքաղաքի Նիհոնբասի շրջանի առեւտրական կենտրոններից մեկում: Ռոբոտ-ավատարը, որն ստացել է «Նոր ես» անվանումը, իրենից ներկայացնում է 1,5-մետրանոց ուղղահայաց կառուցվածք անիվների վրա: Ռոբոտը հատուկ հավելվածի միջոցով կարելի է կառավարել համակարգչով, սմարթֆոնով կամ պլանշետով: Տեղաշարժվելով խանութի տարածքում, գնորդն ընտրում է իրեն դուր եկած ապրանքներր, ինչից հետո ուղեւորվում է դեպի դրամարկղ էլեկտրոնային վճարման համար:

2020 թվականին, երբ Ճապոնիայում տեղի կունենան ամառային Օլիմպիական խաղերը, պլանավորվում է մինչեւ հազար նման ռոբոտներ ներկայացնել ամբողջ երկրում: Հեռանկարում ANA-ն նաեւ ծրագրում է այդօրինակ ռոբոտ-ավատարներն օգտագործել բժշկության եւ տարեց մարդկանց խնամքի ոլորտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել