Pastinfo.am-ը գրում է.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես շատ եմ սիրում և հարգում ՀՀ պաշտպանության նախարարության ամբողջ կազմը՝ փորձում էի բարի գտնվել Ձեր նկատմամբ, բայց Դուք ինձ դրդեցիք։ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ դիմելով ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանին։

«Եթե հաշվարկված թվերով պարզվում է, որ մինչև 2040 թվականը երրորդ հաշմանդամություն ստացած անձանց մաքսիմալ հաշվարկով այդ գումարը կազմելու է 700 մլն դրամ, հազար անգամ ներողություն եմ խնդրում, բայց կարծում եմ այս դահլիճում իմ գործընկերներից որևէ մեկը չի կարող կանգնել, խոսալ ու դեմ քվեարկել, երբ ցանկացած այլ պարագայում որևէ ոլորտում, որևէ խրախուսման համար 1 մլրդ և ավել պարգևավճար է տրվում և զինվորին հաշմանդամության փոխհատուցման համար 700 մլնը մենք չունե՞նք։ Մենք պատասխանատվություն ենք կրում զինվորների համար։ Պատրաստ ենք ցանկացած իրավիճակում կանգնած լինել զինվորի կողքին»,-նշեց Քրիստինե Պողոսյանը՝ ընդգծելով, որ կողմ է քվեարկելու նախագծին։

Քրիստինե Պողոսյանն ընդգծեց՝ իրենք զինված ուժերի ամենաուժեղ ընկերն են, կանգնած են իրենց թիկունքում. «Մենք կանգնած ենք ՊՆ-ի թիկունքին, բայց կներեք, այս պահին ԱԺ-ն կարծում է, որ սա է լավագույն և ճիշտ որոշումը»,-հավելեց պատգամավորը։

Օրենքի նախագծով նախատեսվում է պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում՝ փոխհատուցումը սահմանել 35 մլն դրամ, պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում՝ 25 մլն դրամ, պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում՝ 15 մլն դրամ։

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրեց կառավարության բացասական դիրքորոշումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել