Շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի (ԷԿՀ) հենակետը, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվել է կայարանի նոր շենք, վերականգնվել ԷԿՀ-ն, տեղադրվել անհրաժեշտ սարքավորումներ, գազաֆիկացվել կառույցներ:

Ընկերությունից հայտնում են, որ  «Ղալթախչի» կայարանը տարեկան ընդունում և ուղարկում է ավելի քան 360 գնացք, բեռնաթափման տարեկան ծավալը կազմում է 4000 տոննա: Կայարանն արդեն 120 տարեկան է՝ այն շահագործվում է 1899 թվականից և ժամանակին Թիֆլիս (Թբիլիսի) – Ալեքսանդրապոլ (Գյումրի) – Կարս երկաթուղու բաժանիչ կայարանն էր:

Սա արդեն երրորդ կայարանն է, որտեղ 2017 թվականից վերականգնվել կամ վերակառուցվել են ԷԿՀ հենակետները: 2017-ին նման ծրագիրն ավարտվել է «Կարմիր Բլուր» կայարանում  (արժեքը՝ 57,5 մլն դրամ), 2018-ին՝ «Զոդ» կայարանում (արժեքը՝ 52 մլն դրամ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել