Tert.am-ը գրում է.

«ԿամԱԶ»-ների «անիվների տակից դեռ դուրս չեկած»՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հաջողացրել է  հայտնվել մեկ այլ սկանդալի կիզակետում:

Մասնավորապես, արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ազգությամբ արաբ գործարարները հանդիպել են Հայկ Մարությանի և Արթուր Մեսչյանի հետ, որից կես ժամ անց հիասթափված հեռացել են, Մարությանը, փաստացի տապալված բանակցությունների ամբողջ մեղքը բարդել էր խոշոր ներդրումային ծրագրով Երևան ժամանած հյուրերի վրա.  պարզվում է՝ քաղաքապետը խիստ սրտնեղել է իր հետ հանդիպման եկած ներդրողների ազատ ոճի հագուկապից, ինչպես նաև նրանց հեռախոսներին եկած զանգերից:

Դրան գրեթե զուգահեռ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էր անդրադարձել թեմային՝ հայտարարելով, որ Աբու Դաբիի թագաժառանգի նախաձեռնությունը Երևանում անվճար հիվանդանոց ու հյուրանոցներ կառուցելու վերաբերյալ, օդի մեջ խոսակցություն է։

Այն, որ  Հայկ Մարությանը հաջողացրել է լիարժեքորեն տապալել իր առաքելությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում ու փաստացի վերածվել ավելորդ բալաստի հենց իր թիմի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի ուսերին, փաստ է: Նա սպառել է իր լիմիտն ու այդպիսով կրակը գցել սեփական թիմին, որի համար շատ դժվար է  դարձել հստակ կողմնորոշվելը՝ Մարությանը պետք է մնա՞, թե՞ հեռանա:

Մարությանը տապալված բանակցությունների մեղքը, փաստորեն, բարդում է արաբ հյուրերի վրա՝ նրանց մեղադրելով իբր անհարգալից պահվածքի, հագուկապի ու էլի չգիտես ինչերի մեջ: Սակայն արդյոք այդ ամենը կարո՞ղ է ռեալ փաստարկ համարվել մի դեպքում, երբ անձամբ քաղաքապետն էլ առանձնապես չի փայլում  դասական ոճի հագուկապի նկատմամբ տածած սիրով, իսկ պետական միջոցառումներին կամ տոներին չի վարանում ներկայանալ ազատ ոճի հագուստով: Կամ եթե հարցն ավելի լայն դիտարկենք, ապա Մարությանի տրամաբանությամբ նույն Նիկոլ Փաշինյանը պետք է վաղուց զրկված լիներ նույն եվրոպացիների հետ երկխոսելու իրավունքից. միայն Իտալիա կատարած վերջին այցի շրջանակներում այդ երկրի սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ հանդիպմանը գրանցված քաղաքավարության բոլոր նորմերին հակասող միջադեպը, որը, ի դեպ, անարձագանք չմնաց իտալական մամուլում, բավարար կարող է համարվել, որպեսզի Հայաստանի ղեկավարի ոտքն ընդմիշտ կտրվի այդ երկրից, կամ ասենք իտալական բիզնեսը Հայաստանից թողնի ու հեռանա: Նույնը վերաբերում է Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցին, որը նույնպես առանց «կիքսերի» չէր անցել: Եվրոպացիները, սակայն ի տարբերություն Մարության Հայկի, շատ ավելի լայնախոհ են ու սովոր չեն միջպետական հարաբերություններ կամ բիզնես գործընկերություն զարգացնելիս ընկնել երկրորդական բաների հետևից՝ չնայած որ Փաշինյանի պարագայում այդ ամենը բնավ էլ երկրորդական չէր:

Եթե իսկապես Մարությանի նպատակը քաղաքի զարգացումն է, տրված խոստումների գոնե մի չնչին մասը կյանքի կոչելը, կարող էր և ի սեր սեփական համաքաղաքացիների աչք փակել անկարևոր բաների վրա ու հարցին ցուցաբերել գործնական մոտեցում. ի՞նչ կարևոր է՝ ինչ տաբատ են հագել, կարևորն այն է, թե հյուրերն ինչ ծրագրով են ներկայացել: Իսկ եթե ջինսից տրտնջացող քաղաքապետն այդքան սկզբունքային ու նյարդային է, «ձվի մեջ մազ փնտրող», ապա նա ակնհայտորեն իր տեղում չէ ու պետք է կա՛մ հրաժարվի հանդիպումներից, կա՛մ, առհասարակ, նոր աշխատանք որոնի, քանի որ երկրի կեսը ղեկավարող մարդու համար առաջնային պետք է լինեն ոչ թե սեփական կապրիզները, այլ՝ աշխատանքն ու դրա արդյունքը, որն այս պարագայում զրոյական է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել