Մոտ ընկերներս գիտեն, որ իմ «բզիկներից» մեկը անձնանուններն են։ Սիրում եմ հետաքրքրվել անունների ծագումնաբանությամբ, տարբեր ժամանակներում անունների տարածվածությամբ, դրա պատճառներով ու նշանակությամբ։

Ես, վստահաբար, այն քիչ մարդկանցից եմ, որ ուշադրությամբ հետևում է Պետվիճկոմի հրապարակումներին՝ հաշվետու ժամանակահատվածում ծնված երեխաներին տրվող անունների տարածվածության վերաբերյալ (սովորաբար տարեկան երկու նման հրապարակում է լինում՝ կիսամյակային և տարեկան)։ Օրինակ՝ իմ աչքի առաջ երկար տարիներ առաջատար եղած անունը՝ Նարեկը (իմ դասակարգմամբ՝ «վերամբարձ հայկականության» խորհրդանիշը) կամաց-կամաց դիրքերը զիջեց Դավիթին (որը կրում է «ժողովրդական հայկականության» նշանաբանությունը)։ Իսկ ես անհամբեր սպասում եմ, թե երբ է Նարեկին և Դավիթին մոտենալու Տիգրանը` «պետական հայկականության» իր խորհրդաբանությամբ (դանդաղ, բայց հաստատուն մոտենում է․ հիմա արդեն 3-րդ 4-րդն է)։

Մի խոսքով՝ անուններն ինձ համար հետաքրքիր ուսումնասիրության օբյեկտ են, և ես ուզում եմ համայն մարդկության առջև հայտարարել, որ ամենևին գոհ չեմ «հեղափոխական հայկականության» նշանաբանություն կրող անունների վիճակով։

Նախ՝ 2018 թվականի տվյալներով՝ «Նիկոլ» անունը այդպես էլ չմտավ առավել տարածված անունների 46-յակ (հղումը՝ https://www.armstat.am/file/doc/99513593.pdf)։ Այդ փաստը մտահոգիչ է և բարկացուցիչ։ Հեղափոխության առաջնորդի անունը ինչու՞ պիտի չհայտնվի նորածիններին տրվող անունների գոնե 20-յակում, էլ չեմ խոսում 46-յակի մասին։ Անհամբեր սպասում եմ 2019-ի տվյալներին։

Երկրորդ՝ Սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո սովետական եղբայրական ժողովուրդների մոտ ի հայտ եկան նոր՝ հեղափոխական անձնանուններ, օրինակ՝ Լենդրոշ (ԼԵնինյան ԴՐՈՇ), Վիլեն (Վլադիմիր Իլյիչ ԼԵՆին), Մելս (Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին), Դոնարա (ԴՈչ ՆԱռոդա), Ռեմա (Ռեվալյուցիյա, Էլեկտրաֆիկացիյա, Մեխանիզացիյա), Յասլիկ (Յա – Ս Լենինիմ Ի Կռուպսկըյ), և այլն, և այլն, և այլն։ Իսկ ու՞ր են Նոր Հայաստանի նոր անունները։ Ու՞ր են մեր Սիրհանները (սիրո և հանդուրժողականության), մեր Ժողթեկները (ժողովրդի թեկնածու), Ասպառները (Ասֆալտին պառկացնենք), Դուխազները (ԴՈՒԽով ԱԶգ), Սինիկները (ՍԻրում եմ ՆԻԿոլին), Ոչկոռները (ո՛չ կոռուպցիային), և վերջապես Իշպաժողները (ԻՇխանությունը ՊԱտկանում է ԺՈՂովրդին)։ Ու՞ր են այդ անունները։ Ու՞ր են այդ մարդիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել