Անգլիական Նյուքասլ ըփոն Թայն քաղաքում ծեր կինը պատահմամբ սպանել է մանկության ընկերուհուն և խուսափել ազատազրկումից, հայտնում է Daily Mail պարբերականը:

2018 թվականի սեպտեմբերի 18-ին 82-ամյա Պատրիսիա Թուլիփը Skoda Roomster մակնիշի մեքենան կայանել է 80-ամյա ընկերուհու` Ջոյս Նայնբիի տան մոտ`մեքենան մեխանիկական արգելակման համակարգի վրա դնելով: Սակայն երբ թոշակառուները դուրս են եկել մեքենայից, այն սկսել է հետ շարժվել: Թուլիփը կրկին ղեկին է նստել, որ կանգնեցնի մեքենան, սակայն արգելակի փոխարեն պատահմամբ գազի ոտնակն է սեղմել:

Շարժվող մեքենայի բաց դուռը հարվածել է ծեր կնոջը, որն էլ ընկել է ասֆալտին ու կորցրել գիտակցությունը: Նրան անմիջապես հիվանդանոց են հասցրել, սակայն տասն օր անց կինը գանգուղեղային վնասվածքից մահացել է: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

«Տիկին Թուլիփը սխալմամբ կարծել է, թե մեքենան չեզոք համակարգի վրա է դրել: Նաև նաև սխալ է օգտագործել կայանման արգելակը: Ուղևորների համար նախատեսված դուռը փակ չի եղել, և երբ մեքենան կտրուկ շարժվել է տեղից, այն ավելի է բացվել և Նայնբիին գետնին գցել»,-ամփոփել է դատավոր Ամանդա Ռիփոնն այս տարվա դեկտեմբերի 3-ին վճիռն ընթերցելիս:

Մի շարք սխալների պատճառով մեքենան սպանության գործիք է դարձել: Դատախազների համաձայն` կանայք մոտ 70 տարի ընկերություն են արել և միասին դպրոց են հաճախել: Մահացածի ընտանիքն ափսոսանք է հայտնել, որ Թուլիփը միանգամից իրեն մեղավոր չի ճանաչել, և հարազատները ստիպված են եղել գործը մինչև դատարան հասցնել:

«Նա մեր մոր ընկերուհին էր, և նրան պատժելու որևէ նպատակ չենք ունեցել: Միակ բանը, որ ուզում էինք, այն էր, որ նա պատասխանատվություն կրեր կատարվածի համար»,- նշել են Նայնբիի երեխաները:

Դատարանն արգելել է 82-ամյա Թուլիփին 3 տարի մեքենա վարել, չնայած, որ ամբաստանյալը ողբերգությունից անմիջապես հետո ինքն է հրաժարվել վարորդական իրավունքից: Վերջինիս դատապարտել են 100-ժամյա հանրային աշխատանքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել