Սունդար Պիչային դարձել է Alphabet հոլդինգի ղեկավարը, որի մաս է կազմում Google ընկերությունը: Այդ մասին ասված է Alphabet-ի՝ դեկտեմբերի 3-ին հրապարակված հայտարարության մեջ։
Ինչպես հետեւում է փաստաթղթից, Լարի Փեյջը, որը մինչեւ վերջին ժամանակներս հոլդինգի գլխավոր տնօրենն էր, թողել է իր պաշտոնը: Նույն կերպ է վարվել նաեւ Alphabet-ի նախագահ Սերգեյ Բրինը: Ներկայում Պիչային միաժամանակ ե՛ւ Google-ի, ե՛ւ Alphabet-ի գլխավոր տնօրենն է:

Փեյջը եւ Բրինը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ «եկել է Alphabet-ի կառավարման կառուցվածքը պարզեցնելու ժամանակը»: Ինչպես ընդգծել են նրանք, «Alphabet-ը եւ Google-ն այլեւս երկու գլխավոր տնօրենի եւ նախագահի կարիքը չունեն, Սունդարը կլինի ե՛ւ Alphabet-ի, ե՛ւ Google-ի գլխավոր տնօրենը»: Հոլդինգի նախագահի պաշտոնը կլուծարվի: Փեյջը եւ Բրինը կլինեն Alphabet-ի տնօրենների խորհրդում: Նրանք նշել են, որ մտադիր են «ակտիվորեն մասնակցել» հոլդինգի աշխատանքին:

Google ընկերությունը հիմնել են Փեյջը եւ Բրինը: Այն որպես մասնավոր ձեռնարկություն առաջին անգամ գրանցվել է 1998 թվականի սեպտեմբերին: 2015 թվականից Google-ը Alphabet-ի մաս է կազմում: Հոլդինգի գլխադաս գրասենյակը գտնվում է Մաունթին Վյուում (Կալիֆոռնիայի նահանգ): Alphabet-ի շուկայական կապիտալիզացիան կազմում է ավելի քան 890 մլրդ դոլար:

CNBC հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ Փեյջին այժմ 5,8 տոկոսանոց բաժին է պատկանում Alphabet-ում, իսկ Բրինին՝ 5,6 տոկոսանոց: Պիչային 0,1 տոկոսանոց բաժնեմասի պահառուն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել