Սուրճի գները նոյեմբերին հասել են վերջին 12 ամիսների ընթացքում առավելագույնին, տեղեկացվում է Սուրճի միջազգային կազմակերպության (International Coffee Organization, ICO) զեկույցում, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Այն կանխատեսում է, որ 2019-2020 գյուղատնտեսական տարում, որը սկսվել է հոկտեմբերին, սուրճի դեֆիցիտը կկազմի 502.000 պարկ (1 պարկը՝ 60 կգ)։ Հատիկների արտադրությունը, ինչպես սպասվում է, կնվազի 0.9 տոկոսով և կկազմի 167.399 մլն պարկ, այն դեպքում, երբ սպառումը կաճի 1.5 տոկոսով և կհասնի 167.901 մլն պարկի։

Անցյալ գյուղատնտեսական տարում աշխարհում գրանցվել է սուրճի 3.657 մլն պարկ ավելցուկ՝ երեք նախորդ տարիներին արտադրության անկումից հետո։

Նոյեմբերի ընթացքում սուրճի արժեքի ICO-ի գումարային ցուցանիշը կայուն մնացել է մեկ ֆունտի դիմաց 1 դոլարից քիչ ավել։ Օրական միջին գինը անցյալ ամսվա ընթացքում աճել է 10.1 տոկոսով՝ հասնելով մինչև 1.07 դոլարի՝ 1 ֆունտի համար։

Սուրճի գլոբալ արտահանումը 2019թ․ հոկտեմբերին ընկել է 13.4 տոկոսով՝ համեմատած անցյալ տարվա նույն ամսվա հետ, և կազմել է 8.91 մլն պարկ, որը նվազագույն ցուցանիշն է 2017թ․ սեպտեմբերից։ Դրան նպաստել են մի շարք գործոններ, ներառյալ եղանակային վատ պայմանները և համաշխարհային շուկաներում երկար ժամանակ պահպանվող ցածր գները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել