Գիտնականները պարզել են, որ այն կանայք, որոնք կանոնավոր կերպով օգտագործում են պերմանենտ ներկեր և մազերի համար քիմիական ուղղիչներ, ենթակա են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ավելի բարձր ռիսկի, քան այն կանայք, որոնք չեն օգտագործում այդ արտադրանքը:

Հետազոտության արդյունքները հրապարակված են International Journal of Cancer հանդեսում՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

Առողջության ազգային ինստիտուտից ամերիկացի գիտնականները վերլուծել են 46 հազար 709 կանանց տվյալները, որոնք 2003-2009 թվականներին մասնակցել են Sister Study-ի հետազոտությանը, որն ուղղված էր այն բանի ուսումնասիրությանը, թե շրջակա միջավայրը և գեներն ինչպես են ազդում կաթնագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության վրա: Այդ բոլոր կանանց մերձավոր ազգականներից մեկը՝ քույրը կամ մայրը, ունեցել է ուռուցքային այդ հիվանդությունը, բայց նրանք իրենք հետազոտության պահին առողջ են եղել:

Հեղինակները բացահայտել են, որ այն կանանց մոտ, որոնք կանոնավոր կերպով մազերի համար պերմանենտ ներկ են օգտագործել հետազոտությանը մասնակցելուն նախորդած տարվա ընթացքում, 9 տոկոսով ավելի մեծ է եղել քաղցկեղի զարգացման հավանականությունը, քան այն կանանց մոտ, որոնք այդ ներկը չեն օգտագործել:

Խոսքը հատկապես վերաբերում է մշտական ներկանյութերին, որոնք խախտում են էնդոկրին համակարգը և քաղցկեղածին են: Մազերի գույնի ժամանակավոր փոփոխության միջոցների համար ոչ մի ռիսկ չի հայտնաբերվել: Եվս մեկ բացահայտում է դարձել կաթնագեղձի քաղցկեղի և մազերի համար քիմիական ուղղիչների կիրառման միջև հայտնաբերված կապը: Հետազոտողները պարզել են, որ ուռուցքային հիվանդության զարգացման ռիսկը նրանց մոտ, ովքեր այդ միջոցներն օգտագործել են յուրաքանչյուր հինգ-ութ շաբաթը մեկ անգամ, 30 տոկոսով ավելի բարձր է եղել այն կանանց համեմատությամբ, որոնք երբեք դրանք չեն օգտագործել:

Ընդ որում՝ թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում, ներկերի և ուղղիչների համար, ռիսկն աճել է մազերի համար միջոցների ավելի հաճախակի օգտագործման համեմատ: Գիտնականները նշում են, որ իրենց տվյալները նախնական են և հաշվի չեն առնում այլ գործոնների ազդեցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել