168.am-ը գրում է.

Այսօր «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով երեկ ԿԳՄՍ նախարարության առջևից ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին բերման ենթարկելու փաստին, ասաց, որ իր տեղեկություններով՝  համաչափ ուժ է կիրառվել:

Երեկ ՀՅԴ ՀԵՄ-ի անդամները հավաքվել էին  ԿԳՄՍ նախարարության առջև և պահանջում էին հանդիպում  նախարար Արայիկ Հարությանյանի հետ, որը տեղի չունեցավ: Նրանք փակել էին նախարարության մուտքը և, իրենց խոսքով, «պերֆորմանս» Էին իրականացնում՝ գիրք էին կարդում, ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական ուժ կիրառեցին և բացեցին մուտքը, ինչից հետո երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը: Այնտեղ ևս ուժ կիրառվեց, 24 հոգի բերման ենթարկվեց:

«Կարծում եմ՝ իրավապահներն ու իրավապաշտպանները կտան գնահատականները: Համապատասխան մարմինները, ըստ բողոքների՝ կքննեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ նախարարը չհանդիպեց երիտասարդների հետ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ պատճառները շատ պարզ են:

«Այսօր ՀՅԴ երիտասարդական կառույցի ներկայացուցչի պահվածքը ցույց տվեց, որ իրենց համար այդքան հետաքրքիր չեն քննարկումները, որքան այն պահվածքը, որն այսօր կար, և քաղաքական որոշակի շահարկումները: Ունեինք տեղեկություն, որ նման մի բան պետք է տեղի ունենար այդ հանդիպման ժամանակ, դրա համար հրավիրել էինք այս հարթակներին, հատկապես, որ երկու օր առաջ իրենք գրանցվել էին, որ գային քննարկման»:

ՀՅԴ երիտթևի անդամներն Արայիկ Հարությունյանի հետ քննարկմանը 6 կետ էին առանձնացրել: Արայիկ Հարությունյանը պնդում է, որ դրանք քննարկելու հարթակներ ևս կլինեն:

«Այն, ինչ ցանկացան բարձրաձայնել, բարձրաձայնեցին, այն հարցադրումները, որոնք մնացին անպատասխան և վերաբերում են բարեփոխումներին, մենք կա՛մ դրանց անդրադարձել ենք, կա՛մ դրանք մեր գործողություններում են, կա՛մ կլինեն հարթակներ դրանց քննարկման համար»,- վստահեցրեց նախարարը:

«Բարձրագույն կրթության մասին» օրինագծի դեմ ցույցերի առաջին օրերին ՀՅԴ երիտթևի անդամները դատարկ արկղեր էին բերել ԿԳՄՍ նախարարության շենք, որ Արայիկ Հարությունյանը լցնի դրանց մեջ իր իրերը և հեռանա, նախարարն ասել էր, որ այդ արկղերը լցվելու են քրեական գործերով: Լրագրողների հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ դա սպառնալիք չէ, այլ փաստերի արձանագրում:

ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը, որը մասնակցում էր «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի քննարկմանը, իր հետ ծրար էր բերել, որի մեջ հրաժարականի դիմում էր և ժետոն, որ այսօր նախարարը մետրոյով գնա տուն: Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանը նախարարության պատերի ներսում կտրվել է իրականությունից:

«Շաբաթ-կիրակի օրերին, եթե դա գործնական հանդիպում չէ, կամ, անգամ եթե գործնական է, ես օգտվում եմ տրանսպորտից, կարող եմ GG տաքսիի իմ երթուղիները ցույց տալ, նաև քաղաքային տրանսպորտից եմ օգտվում»,- վստահեցրեց Արայիկ Հարությունյանը:

Նախարարը պնդում է՝ հիմա հասարակության վերաբերմունքն իր նկատմամբ ավելի լավ է: ՀՅԴ ՀԵՄ-ի օրակարգում պահպանվում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը, նախարարը հրաժարական տալ չի պատրաստվում:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր օրակարգը, և մեկ այլ քաղաքական ուժ կամ պաշտոնյա՝ ինքն է որոշում՝ լինե՞լ այդ օրակարգի մաս, թե՞ ոչ: Օրակարգում նամ հարց չկա»,- շեշտեց նախարար Հարությունյանը:

ԵՊՀ ուսանողներն էլ ցանկություն էին հայտնել նախարարի հետ հանդիպել ԵՊՀ-ում, Արայիկ Հարությունյանը պատրաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել