Armenpress.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին շինթույլտվության իրավունք չի տվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով շինթույլտվության վերաբերյալ Ծառուկյանի հրապարակած փաստաթղթերին:

«Աբովյան 5 հասցեում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կատարվող շինարարությունն ապօրինի է: Այդ շինությունը պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերությանը: 2018 թվականին շենքը սկսել է կառուցվել, ապա նույն թվականի փետրվարի 16-ին տրված շինթույլտվությունը կասեցվել է դատարանի որոշման համաձայն: Քաղաքապետ Մարությանը 2019-ի ապրիլի 18-ին նույն ընկերությանը նույն վայրում տվել է նոր նախագծման թույլտվություն, բայց ոչ շինարարության»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ շինարարություն կարելի է սկսել միայն շինթույլտվություն ունենալու պարագայում, մնացած բոլոր դեպքերում շինարարությունն ապօրինի է:

Կարապետյանն ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ընդունել ցանկացած ներդրումային առաջարկ, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը և քաղաքի զարգացման առաջնահերթություններին:

«Քաղաքային իշխանությունը հարգում է բոլոր հյուրերին ու պոտենցիալ ներդրողներին՝ անկախ նրանց ունեցած տիտղոսներից կամ դրանց բացակայությունից և ակնկալում է փոխադարձ հարգանք»,- ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել