«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նոյեմբերի 21-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում, հայտնի է, որ սկանդալային միջադեպ եղավ. եկեղեցի մուտք գործեց ադրբեջանցի վիդեոբլոգեր Աթա Աբդուլաեւն ու հարցեր ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այս առնչությամբ թերթը պարզաբանումներ է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ապահովող ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գեւորգ Մովսիսյանից` մասնավորապես, հետաքրքրվելով՝ ինչով է պայմանավորված, որ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների կազմը գրեթե հիմնովին փոխվել է, եւ նրանց թիվն օրըստօրե ավելանում է:

Դատելով այս փոփոխություններից` արդյոք վարչապետին որեւէ վտանգ է սպառնում եւ, ընդհանրապես, ինչ երաշխիք կա, որ առաջիկայում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ նման դեպքերը չեն կրկնվի:

Ելնելով ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գ. Մովսիսյանի՝ թերթին տված պարզաբանումից` այստեղ անհանգստանալու, կասկածներ ունենալու առիթ չկա: «Հայտնում եմ, որ Պետական պահպանության ծառայությունը լիարժեք իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները` մասնավորապես, ապահովելով ՀՀ վարչապետի, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ անձանց անվտանգությունը»,- ասել է Գ.Մովսիսյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել